Մհեր Սեդրակյանի ընտանիքի գույքն ամբողջությամբ օրինական է. փաստաբան
Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրել էր` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Նշվում է, որ այս վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ՝ Սեդրակյանի գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Սակայն 168.am-ի հետ զրույցում Մհեր Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը նշեց, որ տեղեկությունը նոր չէ. Մհեր Սեդրակյանի ներկայացուցիչներն օգոստոսի սկզբին են եղել դատախազությունում:
Գործի մանրամասներին անդրադառնալով՝ պաշտպանը հավելեց. «Մհեր Սեդրակյանի ընտանիքի գույքն ամբողջությամբ օրինական է, և մենք համապատասխան հիմնավորումները կներկայացնենք: Ուղղակի դատախազության համար որոշակի եկամուտներ, միգուցե օբյեկտիվ պատճառներով, տեսանելի չեն եղել. մենք դրանք կներկայացնենք»: