«Զոհաբերում են մեկին, որպեսզի փրկեն մյուսին՝ Նիկոլին. ամենամեծ դավաճանի՝ Նիկոլի հերթական խաղն է». Զոհված զինծառայողների ծնողներ
Այսօր Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանին։
«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»,-նշված էր ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունից հետո Պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ Ջալալ Հարությունյանը հեռացվել է պաշտոնից։
Ի դեպ, այսօր Ջ. Հարությունյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մասնակցում էր Ռազմական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը։
Օգոստոսի 30-ին էլ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը, ըստ ՔԿ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո զոհված տղաների ծնողներից շատերը նախաձեռնեցին բողոքի ակցիաներ՝ տղաների զոհվելու գլխավոր մեղավորներին պատժելու պահանջով։ Իսկ 2021 թվականի ապրիլի 13-ից հետո նրանց պահանջը Գլխավոր դատախազից մեկն էր՝ կալանավորել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա է գլխավոր մեղավորը, քանի որ ըստ ծնողների՝ապրիլի 13-ին նա ԱԺ ամբիոնից հանդես էր եկել ինքնախոստովանական ցուցմունքով, մասնավորապես ասելով՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Զոհված տղաների ծնողներին գոհացնո՞ւմ են այդ կալանավորումներն ու մեղադրանքների առաջադրումը, այս շղթան արդյո՞ք կհասնի ամենավերևի օղակին, նաև այն անձանց, որոնք պատերազմի օրերին եղել են Արցախում։
«Մինչև Նիկոլը չձերբակալվի՝ մենք կանգ չենք առնի». Նաիրա Մելիքյան 168.am-ի հետ զրույցում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ակնկալում է, որ այս ամենին պետք է հետևի Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի ձերբակալությունը, ինչպես նաև Սամվել Բաբայանի, Արցախի նախագահի, Ռուբեն Ռուբինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ձերբակալումը։
«Այո, այս բոլորին պետք է հերթով ձերբակալեն պետական դավաճանության համար։ Մենք հույս ունենք, որ մեր շարժումը, որն այս ամենը դրա արձագանք է, այնուամենայնիվ տեսնում ենք, որ մի բան տեղից շարժվում է։ Իհարկե, չեմ ուզում շտապեմ ու նորից լավատեսական տրամադրվեն, որովհետև սա կարող է լինել առաջին դեմքի, այդ ամենամեծ դավաճանի հերթական խաղը՝ ուշադրությունը շեղելու, քավության նոխազներ գտնելու համար, որպեսզի ինքը խուսափի պատասխանատվությունից։ Ինչևէ, կարծում եմ՝ մեր պայքարն ինչ-որ արդյունքներ գրանցում է, և դրա համար շատ ուրախ եմ»,-նշեց տիկին Նաիրան։
Միաժամանակ նա նկատեց՝ եթե այս ամենն իշխանության հերթական խաղն է, որպեսզի ինչ-որ ձևով մեր ակնկալիքները բավարարեն, իսկ իրենք՝ գլխավոր մեղավորներն ու պատասխանատուները, խուսափեն պատասխանատվությունից, ապա չի ստացվելու։
«Մեր թիվ մեկ թիրախը Նիկոլ Փաշինյանն է, մինչև Նիկոլը չձերբակալվի՝ մենք կանգ չենք առնի։ Շատ լավ է, որ սրանք հիմա ձերբակալվում են, և ես մեծ հույս ունեմ, որ իրենք կսկսեն խոսել, և այս կծիկը կբացվի, եթե, իհարկե, մի փոքր խելք ունեն, հակառակ դեպքում Արթուր Դավթյանի օրինագիծը՝ մահապատժի վերաբերյալ, կկիրառվի իրենց դեմ։ Եթե խելք ունեն, իրենք հիմա պետք է սկսեն խոսել»,-եզրափակեց Նաիրա Մելիքյանը։
«Զոհաբերում են մեկին, որպեսզի փրկեն կամ հերոսացնեն մյուսին՝ Նիկոլին». Ջիվան Միքայելյան
168.am-ի հետ զրույցում հերոս Արտակ Միքայելյանի հոր` Ջիվան Միքայելյանի խոսքով՝ գլխավոր պատասխանատուներն այս ձերբակալություններով քավության նոխազ են փնտրում, զոհաբերում են մեկին, որպեսզիհերոսացնեն մյուսներին։
«Ոչ, այս ամենը մեզ չի գոհացնում, նույնիսկ, եթե Ջալալը մեղավոր է, մեծագույն մեղքն ինքն ունի, ինքնէ դարձել կամակատար՝ դրան ոչ մի խոսք, պատասխանատուն ինքն է և Օնիկը, Միշան՝ չգիտեմ ինչքանով, բայց զոհաբերում են մեկին, որպեսզի փրկեն կամ հերոսացնեն մյուսին՝ Նիկոլին։
Չեմ կարծում, թե մեղադրանքի առաջադրումը ենթադրում է, որ կձերբակալեն ու կդատեն, ժամանակ են շահում՝ թուլացնեն զգոնությունը, որքան ակտիվանումէ ընդդիմադիր դաշտը, նման ցուցադրական բաներ են անում»,-շեշտեց Ջիվան Միքայելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում