ԵԱՏՄ գործընկեր-պետությունների խնդրանքով ՀՀ-ն չի խոչընդոտել Ադրբեջանի վարչապետի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին. ՀՀ ԱԳՆ
Չոլպոն-Աթա ավանում կայացած ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունը համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ:
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկա էր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով նույնիսկ ելույթով հանդես եկավ:
Ալի Ասադովն ասել է, որ Ադրբեջանը սերտ երկկողմ հարաբերություններ և տնտեսական կապեր ունի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ գրեթե բոլոր երկրների հետ, հիմնված տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։
Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր օղակ է մի շարք նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլն։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԵԱՏՄ-ի գործընկերները կարողանան օգտագործել երկրի տարանցիկ ներուժը։ Ասադովը վստահություն է հայտնել, որ երկրները եւ աշխարհամասերը կապող տրանսպորտային նախագծերի շրջանակներում համագործակցությունը կնպաստի կայուն, բարգավաճ, արժանապատիվ և կանխատեսելի ապագային ամբողջ Եվրասիական տարածքում։
«Այս թեզը հիմնավորվում է տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողություններով, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև նոր տրանսպորտային և առևտրային ուղիների բացման համար»,- հավելել է Ադրբեջանի վարչապետը։
Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի անդամակցության հարցն ակտիվության տարբեր փուլերով քննարկվել է միշտ, սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի՝ այս կամ այն ձևաչափով կազմակերպությանն ինտեգրվելու հարցը մտավ ակտիվ օրակարգ, առաջ մղվելով հատկապես Մոսկվայի կողմից, Բաքվից էլ հնչեցին հայտարարություններ, թե եվրասիական ինտեգրման հիմնական խոչընդոտն իբրև թե այլևս չկա: Պատերազմից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հիմնական խոչընդոտը ղարաբաղյան հակամարտությունն էր, և այսօր, երբ այդ խոչընդոտը, նրա խոսքով, արդեն չկա, անդամակցության մասին կարելի է լուրջ խոսել։ Այս հարցը ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանին, ապա Երևանը մշտապես դեմ է եղել, սակայն հատկապես վերջին ամիսների ընթացքում պաշտոնական Երևանի հռետորաբանությունը փոխվել էր: Սակայն դեռևս անցյալ տարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, թե Երևանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։ Իսկ անցյալ տարեվերջի Նիկոլ Փաշինյանի ասուլիսում ՀՀ դիրքորոշումն արդեն փոխված էր:
Չոլպոն-Աթա ավանում անցկացված ԵԱՏՄ նիստից հետո 168.am–ը ՀՀ ԱԳՆ-ին դիմեց հետևյալ հարցերով.
«1. Այսօր Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով նիստին: Հայաստանի Հանրապետությունը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, տվե՞լ է արդյոք համաձայնություն, որպեսզի Ադրբեջանն այս կարգավիճակով մասնակցի ԵԱՏՄ վերոնշյալ միջոցառմանը:
2. Խնդրում ենք նաև պարզաբանել՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ում քննարկվել է այս հարցը, և ՀՀ-ն տվե՞լ է համաձայնություն, որպեսզի Ադրբեջանը ստանա դիտորդ երկրի կարգավիճակ ԵԱՏՄ-ում:
3. Նախկինում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ նշել են, որ Երևանը դեմ է եղել այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ շրջանակում կազմակերպվող հանդիպումներին, ինչպես նաև դեմ է եղել Ադրբեջանին դիտորդ երկրի կարգավիճակ տալու հարցին: Ե՞րբ է փոխվել ՀՀ դիրքորոշումն այս հարցում ու ինչո՞ւ»:
ՀՀ ԱԳՆ-ից այսօր ստացված պատասխանի համաձայն, 2022թ. օգոստոսի 26-ին Չոլպոն-Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին հրավիրյալի կարգավիճակով 3-րդ պետությունների մասնակցությունը համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման մասին» կարգին համապատասխան:
«Հայտնում ենք նաև, որ ԵԱՏՄ այլ գործընկեր-պետությունների խնդրանքով հայկական կողմը չի խոչընդոտել Ադրբեջանի վարչապետի մասնակցությանը ընդլայնված կազմով նիստին՝ հյուրի կարգավիճակում»,- նշում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չոլպոն-Աթայում Ալի Ասադովն իր մասնակցելու հնարավորության համար հատուկ շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի և Բելառուսի վարչապետներին, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը «ԵԱՏՄ գործընկեր-պետություններ» նշելով՝ նկատի ունի Ռուսաստանին ու Բելառուսին: