Բաժիններ՝

Արկադի Բաղդասարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ՝ Հայաստանի Հանրա­պետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա. սեպտեմբերի 2-ին, ժ. 18.00-20.00-ը Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 3-ին, ժ. 11.00-13.00-ը, Հայաստանի նկարիչների միությունից:

Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստի­տուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի:

Իր կերտած կտավներում կարողացել է միահյուսել մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանը 100-ից ավելի կտավների հեղինակ է, որոնց թվում՝ «Կոմպոզիցիա», «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ», «Խաչե­լություն», «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» և այլն:

Նրա ստեղծած կտավ­ներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները: Նկարիչն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:

1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա կտավները զարդարում են Հայաստանի ազգային պատկե­րասրահի, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի, Գրիմ եղբայրների թանգարանի և այլ նշանավոր թանգարանների սրահները:

2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը:

Նշվում է, որ մշակութասեր հանրության, Արկադի Բաղդասարյանի արվեստի երկրպագուների և գործընկերների հիշողության մեջ նա կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արվեստագետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս