«Ժողովուրդ» օրաթերթը դիմում է ՀՀ ԱԱԾ-ին՝ ընդդեմ «Վիվա ՄՏՍ»-ի. ինչպե՞ս են բջջային քարտերը հայտնվել ադրբեջանցիների ձեռքին
«Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am կայքը լրագրողական ուսումնասիրություն են իրականացնում Հայաստանում տեղի ունեցած մի շատ կարեւոր ու անվտանգության առումով խիստ մտահոգիչ փաստի առիթով: 2020 թվականի հուլիսի 24-ին՝ պատերազմից ամիսներ առաջ, ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում) հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում:
Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Այս բջջային համարները «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներ են, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից եւ §Վիվա ՄՏՍ¦-ից պարզաբանում է պահանջել՝ ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքին: Ընկերությունը եւ ԱԱԾ-ն, այս հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, առաջինը սպառնալիքներ եւ վիրավորանքներ է շաղ տալիս օրաթերթի հասցեին, իսկ ԱԱԾ-ն խորհրդավոր լռում է:
Անկախ այս իրողություններից, գործադրվող ճնշումներից եւ մամուլի, խոսքի ազատության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից՝ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է իր ուսումնասիրությունները՝ ոչնչի առաջ կանգ չառնելով, եւ «Վիվա ՄՏՍ» ընկերությունը՝ ի դեմս այսօրվա տնօրեն Արմեն Ավետիսյանի, պարտավոր է բացատրել, թե ինչպես են իրենց քարտապաններ դարձել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները: Նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ հեռացավ այդ պաշտոնից եւ Հայաստանից:
Հորդորում ենք ՀՀ ԱԱԾ-ին այս հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ սկսել ուսումնասիրություն մեկ կարեւորագույն հարցի շուրջ՝ ինչպես են կարողացել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները ունենալ «Վիվա ՄՏՍ»-ի քարտեր, որոնցով զանգահարել են ՀՀ քաղաքացիներին եւ ահաբեկել:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
31.08.2022