«Այս միտքն ասել եմ մայիսին՝ Արցախում անցկացվող The FUTURE ARMENIAN ֆորումի ժամանակ, կրկնում եմ հիմա. մենք չենք պարտվել». Ռուբեն Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք ապրում ենք բարդ իրողություններում, ու ոչ միայն մենք, ողջ աշխարհն է գտնվում անկայունության շատ լուրջ շրջափուլում: Այս ճգնաժամը հաղթահարելու համար պետք չէ ուրիշ ճանապարհներ որոնել. դրանից դուրս գալու կամ դրանից խուսափելու համար ամենաապահով վայրը հայրենիքն է: Այստեղ ապրելու, գործելու և հաջողակ լինելու մեջ է մեր ուժը: Ուրիշ տարբերակ չկա:
Այս միտքն ասել եմ մայիսին՝ Արցախում անցկացվող The FUTURE ARMENIAN ֆորումի ժամանակ, կրկնում եմ հիմա. մենք չենք պարտվել, ոչինչ չի վերջացել, մարդիկ իրենց ապագան, իրենց երեխաների ապագան տեսնում են Արցախում, և դա կարևոր է ոչ միայն Արցախի ժողովրդի համար, այլև բոլորիս համար, ողջ հայության համար:
Միշտ ասել եմ, որ Արցախը հայկական աշխարհի սյունն է, ոչ թե այն պատճառով, որ այստեղ պատերազմներ են եղել, այլ որովհետև այստեղ, այս հողի վրա խորությամբ պահպանվել են և շարունակում են պահպանվել հայկական ոգին, հայկական արժեքները, մեր բացառիկ պատմամշակութային ժառանգությունը, որոնք մեր ինքնության կարևոր մասն են: Այստեղից ենք մենք ուժ ստանում:
Այստեղ մենք ժամանակին հաջողության ենք հասել, և այդ հաջողությունը պետք է անպայման պահպանենք:
Մեր սերունդը պատմական առաքելություն ու պարտավորություն ունի մեր նախնիների և մեր ապագա սերունդների առջև: Մենք իրավունք չունենք հանձնվելու ու թուլանալու: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք, մենք իրավունք չունենք զրկելու մեր ապագա սերունդներին իրենց ինքնության արմատներից:
Ու հիմա, փորձելով դասեր քաղել մեր պատմությունից, պետք է առաջ նայենք, գիտակցենք, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնությունն է այն հզոր ուժը, որի շնորհիվ կարող ենք ուժեղացնել մեր հայրենիքը, պահպանել մեր ինքնությունն ու ցույց տալ աշխարհին, որ ընկնելուց հետո կարող ենք արժանապատվորեն ոտքի կանգնել:
Մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ պատրաստ է արդյոք պատասխանատվություն ստանձնել և գործել՝ ձգելով ավելի լավ փոփոխությունների ոչ միայն իր և իր մերձավորների, այլև իր ժողովրդի համար»։