Բաժիններ՝

Արզականում կնոջն ու 2 հարևաններին դանակահարած տղամարդը հերթական սպանությունն է կատարել․ կա 1 զոհ և 1 վիրավոր․ Shamshyan.com

Կոտայքի մարզի Արզական գյուղում իր կնոջը սպանած և երկու հարևաններին դանակահարած 46-ամյա Զորիկ Մ.–ն կրկին մարդ է սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա, կան տուժածներ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները հասել են դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ ժամը 09:40-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ, մեկը` մահացած, մյուսը` դանակահարված։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սոս Գ.–ն է, իսկ վիրավորը` Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Արթուր Մ.–ն։ Երկուսն էլ դանակահարվել են Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող շինարարական կազմակերպության տարածքում: Նշված սպանությունը կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ 46-ամյա Զորիկ Մ.–ն։

Իրավապահներն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։

Հիշեցնենք` օգոստոսի 27-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 46–ամյա տղամարդը կտրել էր իր 35–ամյա կնոջ պարանոցը, հետո պատուհանով մտել հարևանությամբ ապրող ամուսինների ննջասենյակ և դանակի հարվածներ հասցրել նրանց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս