Բռնի տեղահանված արցախցիները Բերձորում ու Աղավնոյում 13 տուն են հրդեհել. քրեական վարույթ է նախաձեռնվել. «Փաստինֆո»

Բռնի տեղահանված արցախցիների կողմից Բերձորում և Աղավնոյում տները այրելու դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քաշաթաղի շրջանում տների հրկիզման 13 դեպք է արձանագրվել, որից 11-ը՝ Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձորում, փաստերի առթիվ Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Դատախազությունից չմանրամասնեցին, թե ինչ հատկանիշներով են նախաձեռնվել վարույթները, միայն արձանագրեցին, որ դրանք նախաձեռնվել են հրկիզման փաստերի առթիվ, այժմ նախաքննություն է կատարվում, հնարավոր քննչական գործողություններն իրականացվում են ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ տարածքների նկատմամբ վերահսկողությունն արդեն իսկ Ադրբեջանն է իրականացնում, ինչպես նաև այն, որ բնակիչների մի մասը Հայաստանում են։ Քրեական վարույթների շրջանակներում որևէ անձ դատավարական կարգավիճակ չունի, չի բացառվում, որ դրանք հետագայում կկարճվեն։

Ինչ վերաբերում է տունն այրած անձանց փոխհատուցում տրամադրելուն, ապա մեր զրուցակիցը նշեց, որ փոխհատուցում տալու հարցը ԱՀ գործադիր մարմնի իրավասության խնդիրն է, նրանք ունեն համապատասխան ծրագրեր և քաղաքականություն. «Իրավապահ մարմինը որևէ նման լիազորություն, իրավասություն կամ պարտավորություն չունի»։

Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 25-ն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տարհանվելու համար ժամանակ էր տրվել։ Ընդ որում, Աղավնոյի և Բերձորի բնակիչներին հորդորել են չայրել տները, չվնասել գույքը, հակառակ պարագայում թշնամուն հանձնվող գույքի դիմաց փոխհատուցում չի վճարվելու, սակայն բնակիչների մի մասը այրել են տները՝ դրանք թշնամուն չթողնելու համար։

Առ այս պահը որևէ կառույց հստակ պատասխան չի ներկայացրել, թե ինչպես են փոխհատուցվելու տեղահանված հայերը, արդյո՞ք թշնամուն իրենց բնակարանը թողնել չցանկացող բնակիչները փոխհատուցում կստանան պետության կողմից, թե ոչ։

Տեսանյութեր

Լրահոս