Ավագ դասարաններում անհատական դասացուցակ կլինի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավետ տարի:

Մանկավարժներին ողջունել և սերունդներին կրթելու պատասխանատու գործում հաջողություն է մաղթել նաև փոխմարզպետ Ռուբիկ Նավոյանը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները` առանձին-առանձին անդրադառնալով դրանց՝ համապատասխան պարզաբանումներով: Նա մասնավորապես ընդգծել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, ավագ դասարաններում անհատականացված դասացուցակի հնարավորությունը, որը նախատեսված է հանրակրթության նոր չափորոշչով:

«Նոր չափորոշիչը բոլոր դպրոցներում կկիրառվի 2023 թ. սեպտեմբերից: Այս տարվանից 9-րդ դասարանին ուղղորդե՛ք, որ գալիք տարվանից ընտրեն այն առարկաները, որոնք ուզում են խորությամբ ուսումնասիրել»,- նշել է նա։

Ըստ նախարարի տեղակալի` ֆինանսավորման նոր կարգով մանկավարժները վարձատրվելու են նաև խմբակների և ուսումնական նախագծերի համար, որոնք առանձին տարիֆիկացվելու, հաշվարկվելու են ուսուցչի ծանրաբեռնվածության մեջ։

Ներկայացվել են ուսուցչի վարձատրության բարձրացմանը միտված պետական նոր ծրագրերը, այդ թվում՝ կամավոր ատեստավորումը, ինչի համար Կառավարությունը նոր կարգ է հաստատել, ըստ որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը դարձել է 200.000 դրամ։

Կամավոր ատեստավորման նոր փուլն արդեն մեկնարկել է. Գեղարքունիքից դիմել է շուրջ 200 ուսուցիչ։

Ըստ Ժ. Անդրեասյանի՝ հաջող արդյունք ցուցաբերած ուսուցիչները հոկտեմբերից սկսած կստանան նախատեսված բարձր աշխատավարձը։ Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում՝ ԳԹԿ-ի կողմից ձևավորված քննական կենտրոններում՝ բացառությամբ մի քանի առարկաների՝ «Նկարչություն», «ՆԶՊ», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա»։

Ուսուցչի աշխատանքի խրախուսման նպատակով մշակվում են նոր ծրագրեր, որոնցով նախատեսվում է գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին հատկացնել հավելավճար՝ անկախ ատեստավորումից։ Հավելավճարներ են նախատեսվում նաև բնագիտական և ՏՀՏ առարկաներ դասավանդող ոսուցիչների համար:

ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ որոշվել է հրաժարվել բազմահամակազմ դասարանների ուսուցումից, ինչը նպատակային չէ և խոչընդոտում է ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը: Բազմահամակազմ կարող է լինել միայն «Արհեստ, արվեստ» և «Ֆիզիկական կենսագործունեություն և անվտանգություն» բնագավառների առարկաների ուսուցումը։ Այս ուսուցիչները կվարձատրվեն ավելի, քան մեկ դասաժամի արժեքն է։

Ֆինանսավորման նոր կարգ է մշակվում նաև վարչական աշխատողների համար՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի գործակիցներ։ Տնօրենների, տեղակալների և մյուս վարչաշխատողների վարձատրությունը համադրելիության մեջ կմտնի քաղծառայողների վարձատրության հետ։

Քննարկվել են տնօրենների և վարչատնտեսական համակարգողների գործառույթներին առնչվող հարցեր: Նշվել է, որ այս թեմայով առաջիկայում քննարկումներ կլինեն մարզպետարանների հետ՝ դպրոցների առանձնահատկությունները հաշվի առնելու համար:

Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում է օրենքով սահմանել հնարավորություն, որով տնօրենների համար հավաստագրվելու փոխարեն գործելու է ատեստավորման համակարգ, ինչը ենթադրելու է զարգացման ծրագրի կատարողական:

«Ձեր աշխատանքի որակից ուղղակիորեն կախված կլինեն դրա շարունակությունը և վարձատրության բարձրացումը: Դրական գնահատված տնօրենի պայմանագիրը ավտոմատ կերկարացվի ևս 5 տարի»,- ասել է Ժ. Անդրեասյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում վարչական աշխատողների դասավանդման վերաբերյալ փոփոխությանը: Ըստ նրա՝ չի արգելվում դասավանդելը, այլ հստակեցվում են պայմանները. առաջին հերթին տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը պետք է ապահովվի ամբողջ դրույքով:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, ներդպրոցական խնդիրների լուծման վերաբերյալ և կոչ են արել ակտիվորեն դիմել ոլորտում ներկայացված դրամաշնորհային ծրագրերին:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: Ներկաներին մասնավորապես հետաքրքրել են խմբակների ձևավորման ու վարձատրության, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հետագա գործունեության, դրույքաչափերի ապահովման վերաբերյալ և այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս