Էստոնիան ԵՀ-ին առաջարկություններ է ներկայացրել պատժամիջոցների 8-րդ փաթեթի համար
Էստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առեւտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն: Այդ մասին գերմանական Welt հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:
«Մենք, համենայն դեպս, ցանկանում ենք, որպեսզի դա որքան կարելի է ավելի շուտ տեղի ունենա»,- ասել է Ռեյնսալուն, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե երբ կարելի է սպասել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթին:
Նրա կարծիքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեեւ աշխատում են, «բայց դրանք բավարար չեն»:
Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա, ինչն էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի է հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: