«Անհնարին ոչինչ չկա. Լավ է միշտ ինչ-որ բան անելը, ոչինչ չանելուց այս օրին ենք». Կարեն Քոչարյան
Օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախոթւյան հռչակագրի ընդունման օրը, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախաձեռնել էր Անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորների հատուկ նիստը, որին հաջորդեց օրվան նվիրված հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
Էդգար Ղազարյանը նախատեսված միջոցառումներից առաջ գրավոր նամակով դիմել էր Վարչապետի աշխատակազմին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և նրա հրաժարականի մասին հարցը քննարկելու հնարավորություն ստեղծելու առաջարկով: Աշխատակազմից որևէ կերպ չէին արձագանքել դիմումին, հանդիպումը տեղի չունեցավ, Կառավարության անվտանգության աշխատակիցներն Էդգար Ղազարյանին փոխանցեցին, որ վարչապետը տեղում չէ: Հանրահավաքից հետո Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանին հեռացնելու միակ ձևը նրան խորհրդարանում անվստահություն հայտնելն է։
Հասարակական գործչի իրականացրած այս քայլերը կարո՞ղ են Հայաստանում սկիզբ դնել լուրջ քաղաքական գործընթացների և հանգեցնել երկրում ստեղծված իրավիճակի փոփոխության։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը պատասխանելով հարցին՝ ասաց.
«Հարցնում եք՝ կարո՞ղ է, պատասխանում եմ՝ կարող է, կարող է և ոչ, ամեն ինչն էլ կարող է, Էդգար Ղազարյանն էլ կարող է, անհայտ մեկն էլ որ դուրս գա՝ կարող է, Ավետիք Չալաբյանն էլ կարող է։ Անհնարին ոչինչ չկա»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Հարցին՝ այս շարժումը կմարի՞, թե՞ այնուամենայնիվ կշարունակվի, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես շարժումն առաջ կտարվի, հետևաբար՝ այն կարող է մարել, կարող է և չմարել։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե կկարողանա՞ կոնսոլիդացնել բոլոր ուժերին, վստահություն կունենա՞ հասարակության մոտ, որքա՞ն կլինի այդ վստահության գործակիցը, այսինքն՝ շատ բաներից է կախված։ Իհարկե, այս ամենի հետ միասին, ամենակարևորը՝ օբյեկտիվ գեոքաղաքական իրավիճակը թո՞ւյլ կտա իրեն, թե՞ ոչ։
Լավ է միշտ ինչ-որ բան անելը, ոչինչ չանելուց այս օրին ենք, 30 տարի ոչինչ չենք արել»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։