Երեխաները, որոնք նախաճաշում են տանը, ավելի քիչ խնդիրներ են ունենում

Շատ ժամանակակից երեխաներ և դեռահասներ նախընտրում են ընդհանրապես չնախաճաշել, կամ նրանց օրվա առաջին սնունդընդունումը տեղի է ունենում այգում կամ դպրոցում:

Նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել երեխաներին և դեռահասներին առողջ նախաճաշով ապահովելու կարևորությունը, սակայն սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ տանը նախաճաշելը կարող է մեծ դրական ազդեցություն ունենալ:

Գիտնականների միջազգային թիմն ուսումնասիրել է 2017 թվականի Իսպանիայի առողջապահության ազգային հետազոտության տվյալները: Պարզվել է, որ տանը նախաճաշը կապված է երեխաների և երիտասարդների մոտ ավելի քիչ խնդիրների հետ:

Հարցման շրջանակներում հավաքվել են նախաճաշի հետ կապված սովորությունների վերաբերյալ տվյալներ: Հետազոտողները նաև 4-ից 14 տարեկան 3772 երեխաների ծնողներին կամ խնամակալներին հարցրել են վերջիններիս հոգեսոցիալական առողջության մասին, այսինքն՝ որոշել են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են ինքնագնահատականը, տրամադրությունը և անհանգստությունը:

Կարդացեք նաև

Թիմը պարզել է, որ տնից դուրս նախաճաշը գրեթե նույնքան վնասակար է, որքան առավոտյան կերակուրն ամբողջությամբ բաց թողնելը: Թերևս այն պատճառով, որ տնից դուրս պատրաստված սնունդը հաճախ ավելի քիչ սննդարար է (և ավելի մշակված), քան տանը պատրաստվածը:

Արդյունքները նաև ցույց են տվել, որ սուրճը, կաթը, թեյը, շոկոլադը, կակաոն, մածունը, հացը, տոստը և տարբեր հացահատիկները կապված են երեխաների և դեռահասների վարքագծային խնդիրների ավելի ցածր հավանականության հետ:

Չնայած այս ուսումնասիրությունը սահմանափակվում է միայն Իսպանիայում, այս արդյունքները համահունչ են աշխարհի այլ մասերի արդյունքներին:

Բացի այդ, գիտնականները մատնանշում են այն փաստը, որ տանը նախաճաշի ժամանակ երիտասարդ սերունդը կարող է ստանալ որոշ կարևոր տեղեկատվություն կամ պարզապես աջակցություն հարազատներից՝ քննարկելով գալիք օրը։ Սա, սակայն, ճիշտ է միայն այն դեպքում, երբ ընտանիքը չի օգտագործում գաջեթներ:

«Մեր արդյունքները հաստատում են ոչ միայն նախաճաշը որպես առողջ ապրելակերպի մաս քարոզելու անհրաժեշտությունը, այլև այն, որ նախաճաշը պետք է ուտել տանը:

Բացի այդ, հոգեսոցիալական առողջական խնդիրների կանխարգելման համար պետք է ընտրել նախաճաշ, որը ներառում է կաթնամթերք և/կամ հացահատիկ, և նվազագույնի հասցնել կենդանական ծագման որոշ ապրանքների օգտագործումը, որոնք հարուստ են ճարպերով կամ խոլեստերինով:

Սա կարող է օգնել նվազեցնել երիտասարդների մոտ առկա հոգեսոցիալական առողջական խնդիրները»,- ասել է աշխատանքի առաջին հեղինակ դոկտոր Խոսե Ֆրանցիսկո Լոպես-Գիլը Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանից:

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Frontiers in Nutrition-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ @therachelstory, unsplash

Տեսանյութեր

Լրահոս