Ինչպես են գործում հոգևոր օրենքները
– Հա՛յր, ո՞ր օրենքներն են կոչվում հոգևոր:
– Հիմա բացատրեմ: Ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այնպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք՝ մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան ուժեղ և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության օրենք է: Իսկ հոգևոր կյանքում մարդ իր հպարտությունից որքան վեր բարձրանա, այնքան ուժգին կլինի նրա հոգևոր անկումը և (հոգևոր առումով) կկոտրվի իր հպարտության բարձրությանը համապատասխան: Քանի որ հպարտ, գոռոզ մարդը ինչ-որ բարձրության է հասնում, իսկ հետո ցած է ընկնում և լիովին անհաջողության մատնվում: «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի» (Ղուկ. 18:14): Դա հոգևոր օրենք է:
Սակայն բնական և հոգևոր օրենքների միջև շոշափելի տարբերություն կա: Բնական օրենքները «սրտացավ» չեն, և մարդ ի զորու չէ փոխել դրանք: Իսկ հոգևոր օրենքները «սրտացավ» են, և մարդ կարող է դրանք փոփոխել: Որովհետև (հոգևոր օրենքների դեպքում) նա իր Արարչի՝ Բազումողորմ Աստծու հետ գործ ունի: Այսինքն՝ արագորեն գիտակցելով, թե որքան «բարձր» է թռել իր հպարտությունից՝ մարդ ասում է. «Աստվա՛ծ իմ, ես ոչինչ իմը չունեմ և դեռ հպարտանո՞ւմ եմ: Ների՜ր ինձ», և Աստծու գթառատ ձեռքերը միանգամից բռնում են այդ մարդուն ու քնքշորեն ցած իջեցնում, այնպես որ նրա անկումն աննկատ է լինում: Այդ կերպ մարդն անկումից չի վշտանում, որովհետև ի սրտե զղջումն ու ներքին ապաշխարությունն էին դրան նախորդել:
Այդ նույն բանն է տեղի ունենում Ավետարանական օրենքի պարագայում. «…ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26:52): Այսինքն, եթե ես մեկին սրով խոցեմ, ապա ըստ հոգևոր օրենքի՝ ես պետք է նույն կերպ վճարեմ․ ինձ էլ սրով պիտի խոցեն: Սակայն, եթե ես գիտակցում եմ իմ մեղքը, եթե սեփական խիղճս է ինձ «սրով խոցում» և Աստծուց թողություն եմ խնդրում, ապա հոգևոր օրենքները դադարում են գործելուց և ես Աստծու սերն եմ ընդունում՝ որպես բուժիչ բալասան: Այսինքն Աստծու դատաստանների խորքում, իսկ Նրա դատաստաններն անհուն են, տեսնում ենք, որ Աստված «փոխվում» է այն ժամանակ, երբ մարդիկ են փոխվում: Եթե անհնազանդ երեխան խելքի է գալիս, զղջում է, և խիղճը տանջում է, ապա հայրը սիրով շոյում ու մխիթարում է նրան: Մարդը կարող է Աստծու որոշումը փոխել: Դա կատակ բան չէ: Չարի՞ք ես գործում՝ Աստված ծոծրակիդ է տալիս: «Մեղա՜ քեզ, Տե՛ր» ես ասում՝ Նա Իր օրհնությունն է տալիս քեզ:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը