«Վկան չի գալիս նիստին, քանի որ եթե խոսի, մարդիկ հասկանալու են՝ այս գործը ոնց է փաթեթավորվել». Ամրամ Մակինյան
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում հետաձգվեց դիզվառելիքի գործով դատական նիստը՝ վկայի բացակայության պատճառով։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը գործով վկայի՝ արդեն երրորդ դատական նիստին չներկայանալու հանգամանքը գնահատեց դիտավորություն.
«Այն վկան, որն առիթ է հանդիսացել այս քրեական գործի հարուցման համար, հիշում եք, եկավ պատճառաբանություններ բերեց, թե լսողական խնդիրներ ունի, և արդեն երրորդ դատական նիստն է, չի ներկայանում, լինելով պատշաճ ծանուցված։ Համոզված եմ, որ անձը հասկանում է, որ ինքը խաբվել է և պետք է գա ու հրապարակային մեր բազմաթիվ հարցերին պատասխանի։ Հարցերի պատասխանները չկան և այդ հարցերի պատասխանները՝ չեղած, որոնք փորձ արվեն բարձրաձայնվել, հանրությանը հասկանալի է լինելու, թե այս քրեական գործն ինչպե՞ս է փաթեթավորվել, ինչի՞ համար, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում։ Մարդիկ հասկացել են, որ այս խուսափողական վարքագծով հնարավոր է մի քիչ ձգձգել, բայց այս նույն անձը 5 անգամ քննվել է դատավորի կողմից։ Սա ուղիղ ցուցիչ է այս գործի շինծու լինելու համար»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ամրամ Մակինյանը։
Թե ինչո՞ւ ոստիկանությունը բերման չի ենթարկում վկային, Ամրամ Մակինյանը այսպես պատասխանեց, եթե ոստիկանությունն ուզում է ինչ-որ բան անել, ապա անում է։
«Արդեն պարզ է, թե ինչու ոստիկանությունը գործուն միջոցներ չի ձեռնարկում այդ անձին բերման ենթարկելու համար, անձը հանրապետությունում է։ Այստեղ երկու վարկած կա. ոստիկանությունը որն ուզում է թող ընտրի՝ կամ ոստիկանությունը կարող չէ, կամ ոստիկանությունը չի ուզում»,- հավելեց Ա. Մակինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում