«Մասնակցելու ենք վաղվա և՛ նիստին, և՛ հանրահավաքին». Հայկ Մամիջանյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Իսկ մինչ այդ, նույն օրը նրա նախաձեռնությամբ և «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» հրավերով ժամը 12։00-ին նախատեսված է Անկախության տարիներին ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավորական կազմով նիստ:
168.am–ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ են վաղվա նիստին ու հանրահավաքին, ինչին ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանն ասաց՝ մասնակցելու են և՛ նիստին, և՛ հանրահավաքին։
«Մասնակցելու ենք վաղվա և՛ նիստին, և՛ հանրահավաքին։ Ինչպես Հանրապետական կուսակցությունը բազմիցս նշել է՝ մենք կանգնած ենք ցանկացած ընդդիմադիր, առողջ նախաձեռնության կողքին։ ՀՀԿ-ն 2018 թվականից, այն ժամանակ դեռևս ինստիտուցիոնալ մակարդակում միայնակ, գիտակցելով մեր և Արցախի պետականության համար վտանգները՝ պայքարում էր այս խունտայի դեմ։ Այս դեպքում ևս ցանկացած ընդդիմադիր, առողջ նախաձեռնության կողքին ենք»,- նշեց Հայկ Մամիջանյանը։