Բաժիններ՝

«Մարդը կարող է իրական գլուխգործոցներ ստեղծել, երբ երկրորդ անգամ երեխա է դառնում». Ակիրա Կուրոսավայի նամակը Ինգմար Բերգմանին

Ինգմար Բերգմանի 70-ամյակը լրացել է 1988թ. հուլիսին: Այդ ժամանակ նա արդեն նկարահանել էր իր լավագույն ֆիլմերը և իր մեմուարներում գրում է. «Ես շատ եմ ափսոսում, որ այլևս չեմ նկարում»: Ակիրա Կուրոսավան, ով այդ ժամանակ 77 տարեկան էր, Ինգմար Բերգմանին այդ կապակցությամբ նամակ է գրել, որն առաջին անգամ հրապարակվել է Chaplin ամսագրում.

«Սիրելի պարոն Բերգման,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ 70-ամյակի կապակցությամբ:

Ձեր աշխատանքները խորապես հուզում են ինձ ամեն անգամ, երբ դիտում եմ դրանք: Դրանք ոգեշնչել են ինձ և ես շատ բան եմ սովորել Ձեզնից: Ձեզ առողջություն եմ մաղթում, որպեսզի կարողանաք մեզ համար ավելի շատ հրաշալի ֆիլմեր ստեղծել:

Կարդացեք նաև

Մեզ մոտ՝ Ճապոնիայում կա մի մեծ նկարիչ Տեսսայ Տոմիոկան: Նա ապրել է Մեյձիի ժամանակաշրջանում (19-րդ դարի վերջեր): Երիտասարդ տարիներին այս նկարիչը բազում լավ կտավներ է նկարել: Բայց երբ լրացավ նրա 80 տարին, նա հանկարծ սկսեց ստեղծել այնպիսի բաներ, որոնք իրենց որակով զգալիորեն գերազանցում էին նախորդ աշխատանքներին. նա ասես հասավ իր ստեղծագործական գագաթնակետին: Ամեն անգամ, երբ դիտում եմ այդ նկարները, հասկանում եմ, որ ոչ ոք չի կարող ստեղծել ոչ մի մեծ բան, քանի դեռ չի լրացել նրա 80 տարին:

Մարդը ծնվում է որպես երեխա, հասունանում է որպես փոքրիկ տղա, անցնում է պատանեկության միջով, հասնում է ուժերի ծաղկմանը և, ի վերջո, նորից դառնում է երեխա: Սա, իմ կարծիքով, կյանքի իդելական ճանապարհն է: Կարծում եմ կհամաձայնեք, որ մարդը կարող է իրական գլուխգործոցներ ստեղծել, երբ երկրորդ անգամ երեխա է դառնում: Հիմա ես 77 տարեկան եմ և վստահ եմ, որ նոր եմ սկսում իսկապես աշխատել:

Եկեք միասնական լինենք հանուն կինոյի:

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝

Ակիրա Կուրոսավա»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս