Իսպանիայում էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով
Իսպանիայի կառավարությունը հաշվել է, որ էներգախնայողության ծրագրի գործողության առաջին շաբաթվա ընթացքում երկրում ԷլեկտրաԷներգիայի պահանջարկը կրճատվել է 3,7 տոկոսով:
Տեղեկությունը հայտնում է իսպանական «Pais» թերթը՝ հղում անելով Իսպանիայի փոխվարչապետ և բնապահպանության նախարար Թերեսա Ռիբերային։
Իսպանիայում էներգախնայողության ծրագիրն ուժի մեջ է մտել օգոստոսի 10-ին: Ըստ նախարարի՝ հասարակական հաստատություններում օդորակիչները չեն կարող միացվել 27 աստիճանից ցածր, իսկ ջեռուցումը չի կարող գերազանցել 19 աստիճանը։
Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվել: Սակայն Իսպանիայի կառավարությունը վստահ է, որ այսօրվա դրությամբ ընդունված միջոցառումները կապահովեն գազի սպառման կրճատումը։
Օգոստոսի սկզբին Եվրամիության պետությունները վերջնականապես հավանություն տվեցին գազի պահանջարկի կամավոր նվազեցման ծրագրին՝ առաջիկա ամիսներին «երկնագույն վառելիքի» պահանջարկի պարտադիր նվազեցման հնարավորությամբ: