«Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ

Արցախի Հանրապետության Աղավնո գյուղում երեկ իր տունն այրած բնակիչն Արման Հայրապետյանն է։

168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր տունն այրել է, որպեսզի չթողնի թշնամուն։

«Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի տանս մեջ։ Ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ, կտան, թե չեն տա, իրենց խնդիրն է, չեմ էլ սպասում, որ պետք է տան։ Ես այն մարդը չեմ, որ 10 միլիոնի համար իր տունը հեշտ ու հանգիստ տա թուրքին։ Ես տունը նաև վառել եմ՝ հոգիս հանգստացնելու համար։

44-օրյա պատերազմում հարազատ եղբայր եմ կորցրել, իմ մի տղան առաջնագծում է եղել, իսկ մյուս տղաս էլ այժմ ծառայության մեջ է, իհարկե, ոչ առաջնագծում»,- նշեց Արման Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, 2016 թվականի ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից է, այսօր պետք է իր տունը այդպես թողնի թուրքին, գնա հանգիստ Գորիսում վարձով ապրի՞։

«Ավելի լավ է ես տունս այրեի, իմանայի, որ թուրք չի ապրի, քան թողնեի։ 2017 թվականից այդ տունն իմն է եղել, Գորիսում եմ ապրել, ծառայության մեջ եմ եղել, գալուց, գնալուց միշտ այդ տանն եմ եղել, ժամանակ է եղել՝ արձակուրդիս ընթացքում այնտեղ եմ եղել»,- շեշտեց Արման Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի շուրջ, դրանից լավ բան չի սպասում և չի էլ կարող ասել, թե հետագան ինչ է լինելու։

«Լավ բան չեմ տեսնում ու ոչ էլ մտածում, այսպես տալով՝ մինչև ո՞ւր են հասնելու, ինչ անում են, սխալ են անում։

Ինքս վերջնական դուրս եմ եկել Աղավնոյից, գնամ 3 օր ավելին ապրեմ, ինչն է փոխելու, վառել եմ ամեն ինչ, գնամ ի՞նչ անեմ, բան չի փոխվելու։

Ես չգիտեմ՝ Հայկ Խանումյանն ինչո՞ւ էր ասում, որ տները չայրենք, ես այդ հրամանին չեմ ենթարկվել։ Մտածում եմ, որ կամ փողեր են վերցրել ու ծախել, կամ էլ ինչ-որ պայմանագրեր ունեն ու պայմանավորվածություններ։ Թե ինչո՞ւ էին ասում՝ չայրենք՝ չեմ կարող ասել»,- եզրափակեց Արման Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել էր Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։

Նա Աղավնոյի բնակիչներին նաև հատուկ զգուշացրել էր՝ եթե նրանց տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա:

Տեսանյութեր

Լրահոս