![](/banners/BeFunky-design.jpg)
Կենդանիների ապօրինի վաճառքի և շրջանառության արդյունքում կորոնավիրուսի տարածումը մինչ օրս հաստատված, ապացուցված չէ. համաճարակաբան
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Eduard-Hovhannisyan.png)
Այսօր Կառավարության հերթական նիստում անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախ զեկուցել էր, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք բռնագրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ և ստանդարտներ սահմանելն է. «Պրոբլեմները մենք ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո հետահայաց նայում, ասում ենք՝ ինչի՞ ենք այսքան տարի կոմպրոմիսների մեջ»:
Նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է վճռականություն ցուցաբերի և երկրում ստանդարտներ սահմանի: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացնելը. «Այսինքն՝ ազատ վաճառքը պետք է արգելվի։ Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն չպիտի լինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը, և՛ պահեստավորումը, և՛ անվտանգության ապահովումն ու օգտագործումը պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները։ Նույնն էլ փողոցային այս առևտուրն է, արդեն 30 տարի մայրաքաղաքում քննարկվում է։ Պետք է սկզբունքային որոշումներ կայացնենք և առաջ գնանք»։
Արձագանքելով քաղաքապետի պարզաբանումներին՝ Նիկոլ Փաշինյանը աղետի պատճառ դարձած մի քանի օրինակ բերեց, և դրանցից մեկը վերաբերում էր կորոնավիրուսի տարածմանը. «Կորոնավիրուսի համավարկը գիտեք՝ ո՞նց է տարածվել՝ առնվազն պաշտոնական վարկածը դա է. կենդանիների ապօրինի վաճառքի և շրջանառության արդյունքում: Կամաճարակ կբռնվի, կգանք մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակը կհարգենք, հետո կասեն՝ բա էսքան ժամանակ պետությունը չէր մտածո՞ւմ, որ կարա սենց լինի»:
168.am–ը փորձեց երկրի վարչապետի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալ մասնագետներից:
Կենսաբան, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն անդրադառնալով կորոնավիրուսի՝ կենդանիների ապօրինի վաճառքի և շրջանառության արդյունքում տարածվելու հնարավորությանը, ասաց, որ դա գոյություն ունեցող վարկած է:
«Ոչ հարյուր տոկոսով հերքվել, ոչ էլ հարյուր տոկոսով հաստատվել է: Վաղուց շրջանառվում է այդ վարկածը»,- ասաց վիրուսաբանը:
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ բազմաթիվ վարկածներ կան:
«Կենդանածին վարկածը դեռևս չի հաստատվում, քանի որ կենդանիներից մարդկանց անցած հիվանդություններն ապացուցվում են այն ժամանակ, երբ դու կենդանիների շրջանում հայտնաբերում ես աղբյուրը: Այսինքն, հայտնաբերում ես կենդանի, որի մոտ կա այդ վիրուսը՝ այդ տեսակով: Մինչ օրս որպես հստակ աղբյուր, որ այսինչ կենդանուց եկած վիրուս է, հաստատված, ապացուցված չէ: Կա բավականին հիմնավոր վարկած, որ արհեստականորեն ստեղծված վիրուս է»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը: