Շոյգուն Սուրեն Պապիկյանին դաշույն կնվիրի՞, ինչպես Արշակ Կարապետյանին
Օգոստոսի 14-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի այցի ընթացքում նախատեսված է նաև մասնակցություն «Միջազգային բանակային խաղեր-2022»-ին, որի մի մասն էլ այսօր Դիլիջանում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցույթն է:
Իսկ ՌԴ-ում անցկացվող միջոցառումների շրջանակում նախատեսված է ռազմական տեխնիկայի ցուցադրություն։
Sputnik Արմենիային ԳՇ պետն ասել է, որ հայկական կողմը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում ներկայացվող բոլոր նմուշներին։
«Եվ այդ հետաքրքրության արդյունքում ընտրում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեր ԶՈւ-ին»,- նշել է գեներալ Ասրյանը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 10-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
Այցի ավարտի օրը՝ նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դաշույն էր նվիրել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և հայտարարել.
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Ավելի ուշ Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ պլանավորում են ունենալ որակով սպառազինություն։
«Պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց։ Դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է ունենանք քիչ, բայց որակով, ու հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,- ընդգծել էր Կարապետյանը:
Երկրորդ խնդիրը, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շեշտել էր, սեփական զենքի արտադրություն ունենալն էր:
«Մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և դա արագ անելու ենք։ Բացի այս, մենք որպես ազգ՝ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,- ընդգծել էր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով։
Պաշտպանության նախկին նախարարը վստահություն էր հայտնել, որ նշված պայմանները պահպանելու դեպքում, կարող ենք ունենալ 21-րդ դարին համահունչ բանակ և դիմակայել առկա վտանգներին:
2021-ի նոյեմբերի 23-ին, երբ արդեն Պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն էր, առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անպատասխան էր թողել հարցը՝ արդյո՞ք Հայաստանը պլանավորում է զենքի նոր խմբաքանակ ձեռք բերել ՌԴ-ից կամ այլ երկրից:
«Ես կարծում եմ, որ այդ թեմաներին չարժի հրապարակային անդրադառնալ»,- նշել էր նա:
168.am-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը սպառազինության հետ կապված քննարկումների համատեքստում հաշվի է առնելու Արշակ Կարապետյանի ձեռք բերած պայմանավորվածությունները, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակի հետ, ուստի մնում է սպասել և տեսնել՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կկրկնի Արշակ Կարապետյանի հաջողությունը, այսինքն, կարժանանա՞ դաշույնի Շոյգուի կողմից, ինչը ռուս վերլուծաբանները համարել էին խորհրդանշական գործողություն: Այսինքն, Ռուսաստանն ուղերձ է հղում, որ պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները, եթե կա ծրագիր, պատասխանատվության զգացում և հստակ գիտակցություն, թե ինչ է հարկավոր ՀՀ անվտանգությանը:
Այսինքն, Սուրեն Պապիկյանի վերադարձը Մոսկվայից և հանդիպումները ՌԴ ռազմական ղեկավարության հետ կհուշեն ինչ-որ առումով ՌԴ-Հայաստան հարաբերությունների ներկա իրական մակարդակը և վերաբերմունքը Հայաստանի ղեկավարության նկատմամբ:
Ի դեպ, «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանն արդեն հասցրել է ծանոթանալ ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունենալ խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: