Այս պահին Բերձորից և Աղավնոյից 14 ընտանիք ցանկություն է հայտնել հաստատվել Սյունիքի մարզում, մեծ մասը՝ երիտասարդ, բազմազավակ ընտանիքներ. Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Արցախի Հանրապետության Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների խնդիրներով, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել և բնակություն հաստատելՍյունիքի մարզում։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանն ասաց, որ ներկա պահին Բերձորից ու Աղավնոյից հաշվառել են 14 ընտանիք, ևս 2 ընտանիք պատրաստվում են հաշվառել, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Սյունիքի մարզում։

«Ընտանիքների մեծ մասը երիտասարդ բազմազավակ ընտանիքներ են, որտեղ կան 3 և ավելի երեխաներ։ Երկու ընտանիք կոնկրետ Բերձորից է, մնացածը՝ Աղավնո գյուղից։ Ներկա պահին Սյունիքի մարզպետարանը այդ բնակիչների համար տրամադրում է բեռնատարներ, եթե անհրաժեշտ է լինում՝ նաև վառելիք, որպեսզի նրանք կարողանան տեղափոխել իրենց իրերը։

Մենք ամբողջությամբ հավաքագրում ենք այդ ընտանիքների տվյալները։ Եթե նրանցից որևէ մեկը չունի բնակարան, ապա մենք ունենք բնակֆոնդ Գորիսի, Սիսիանի շրջաններում, ինչպես նաև Գորիս և Սիսիան քաղաքներում։ Մենք նրանց տրամադրում ենք բնակարանների հասցեները, որպեսզի եթե կարիք լինի, նրանք գնան տեսնեն։ Տեղափոխվող ընտանիքները հիմնականում ապրելու են Գորիսի և Սիսիանի շրջաններում։

Կարդացեք նաև

Կան ընտանիքներ, որոնք իրենց հետ բերում են նաև անասուններ, փորձում ենք նրանց խնդիրները ևս լուծել, տեղափոխել այնպիսի վայր, որպեսզի նրանք կարողանան անասնապահությամբ զբաղվել, տրամադրում ենք գոմեր»,- նշեց Նարե Ղազարյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս պահին տեղափոխվող ընտանիքների մի մասն իրերը բերում է Սյունիք, նորից վերադառնում Արցախ, իսկ մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբի անդամներն այցելում են նրանց՝ պարզելու, ինչի կարիք ունեն, որպեսզի օգնեն՝ կենցաղային այս կամ այն իրը ձեռք բերելու հարցում։

«Մարդիկ տարբեր կերպ են բացատրում Սյունիքն ընտրելը, ընտանիք կա, որ ասում է, թե Արցախին Սյունիքն ավելի մոտ է, մի մասը Գորիսի հարս է, ժամանակի ընթացքում տեղափոխվել են Արցախ, մարդ կա՝ Գորիսից ու Սիսիանից է գնացել տարիներ առաջ, հիմա վերադառնում է։ Կա, օրինակ, ընտանիք, որի անդամները Ջերմուկից են, բայց նրանք ցանկություն են հայտնել հաստատվել հենց Սյունիքում»,- հավելեց փոխմարզպետը։

Հարցին՝ այսօր Սյունիքն էլ անվտանգ չէ, տեղափոխվող բնակիչները մտավախություն չե՞ն հայտնել այս առումով, Նարե Ղազարյանն ասաց, որ որևէ մեկը այդ թեմայի վերաբերյալ չի խոսել, քանի որ այս պահին երևի դրա կարիքն էլ չկա։

«Իրականում ներկա դրությամբ մարզում հանգիստ է, որևէ կրակոց չկա, մարդիկ էլ այդ ամենը տեսնում են»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ երբ մարզպետարանը բեռնատար է տրամադրում Բերձորի կամ Աղավնոյի բնակիչներին, որպեսզի նրանք իրենց իրերը տեղափոխեն, միաժամանակ վճարում է նաև բեռնատարի վարորդին։

Տեսանյութեր

Լրահոս