«Տրակտորով չենք կարող գործողություն անել, որը կվնասի փլատակներում գտնվող քաղաքացիներին». նախարար

«Թե՛ մարդկային ռեսուրսը, թե՛ տեխնիկան ամբողջությամբ թարմացրեցինք, ներկա պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները»,- այսօր ժամը 12։30-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից հատվածում լրագրողների հետ զրույցում  ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարի խոսքով՝ տարածքում առկա են 2 սյուներ, որոնք վտանգավոր են թե փրկարարների, թե՛ տարածքում գտնվող մարդկանց համար, տվյալ պահին նաև այդ սյուների վնասազերծման աշխատանքներ են իրականացվում․

«Աշխատանքները շարունակվում են, ամբողջական մարում դեռ չենք տվել։ Փլատակների տակից 6 զոհ է գտնվել․ շարունակում ենք ինտենսիվ աշխատանքները։ Ենթադրում ենք, որ այդ հատվածում, որտեղ այդ 2 սյուներն են, ևս կարող են քաղաքացիներ փլատակների տակ հայտնված լինել, որովհետև դա եղել է բանուկ վայր»։

Ավելի վաղ տարածքում գտնվող՝ իրենց հարազատներին փնտրող քաղաքացիներ վրդովմունք հայտնեցին, թե շատ քիչ թվով փրկարարներ են ներգրավված աշխատանքներին, հատկապես գիշերը, ի պատասխան դրան՝ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել․

Կարդացեք նաև

«Նաև կամավորական խմբերն են մեզ օգնել։ Փրկարարներն անձնազոհությամբ այդ կրակի և ծխի դեմ պայքարելով՝ ամեն ինչ անում են, որպեսզի հայտնաբերենք և քաղաքացիներին անվնաս հանենք փլատակների տակից։ Ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն քաղաքացիներ, մենք չենք կարող այնպիսի գործողություն անել, այսինքն՝ տրակտորով չենք կարող այնպիսի գործողություն անել, որ վնասենք որևէ քաղաքացու։ Դեպքեր կան, որ փրկարարները քարերը ձեռքով են բեռնատար տեղափոխում, տրակտոր չեն աշխատացնում, որովհետև տեսականորեն հնարավոր է, որ այնտեղ քաղաքացիներ լինեն»։

Նախարարն ասաց, որ օգտագործել են նաև ԱԻՆ կինոլոգիական ջոկատը և վերջին 2 դիերը հենց շների միջոցով են հայտնաբերել և դուրս բերել փլատակներից։

Ճշտող հարցին՝ տեղյա՞կ եք, սեփականատերը եկե՞լ է դեպքի վայր, ԱԻ նախարարը պատասխանեց, որ չի ճանաչում սեփականատիրոջը և չի հանդիպել որևէ սեփականատիրոջ հետ։

Հարցին՝ արդյոք նոր պայթյունի ռիսկ կա՞, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց, որ պայթյունի հավանականությունը շատ ցածր է, կարող են փոքր պայթյուններ լինել․

«Այսօր առավոտյան ևս 1-2 փոքր պայթյուններ տեղի ունեցան, բայց փլուզման վտանգ կա․․․»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, կեսօրին տարածված պաշտոնական տվյալներով՝ կար 6 զոհ, 60-ից ավելի վիրավոր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս