«Մեզ համար վերադարձ չկա անցյալին. Ադրբեջան պետության մեջ Արցախը ապագա ունի միայն մեկ ձևով՝ ոչնչացում». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ արցախահայությունը պետք է ճիշտ վարվի և ինտեգրվի Ադրբեջանի հասարակությանը։

Ըստ նրա, «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը»։

Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած վերջին լարվածությանը և զինված գործողություններին, որն ադրբեջանական կողմն անվանել է «Հատուցում» պատժիչ գործողություն, Ալիևն ասել է, որ «հայկական կողմը հերթական անգամ ռազմական սադրանք է իրականացրել, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինվորական», իսկ իրենք էլ վրեժ են լուծել։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։

Կարդացեք նաև

«Երեկ գրառում եմ արել թեմայի վերաբերյալ, գրել եմ, որ պետք է երախտագիտություն հայտնել Ալիևին, որ ազնվորեն, շիտակ ձևով ասում է, թե ինչ է ուզում։ Այլ հարց է, որ այս ամենը, բնականաբար, մեզ համար անընդունելի է։ Անկախ նրանից, թե Ալիևն ինչ է ասում ու ինչ է անում, դրա նպատակը մեկն է, որպեսզի Արցախը չլինի, հասկանալի է, նա իր քաղաքականությունից չի հրաժարվել ու չի հրաժարվելու։ Նրանց դեպքում սա օբյեկտիվ բնույթ է կրում, քանի որ Ադրբեջանի բնակչության 50 տոկոսն ազգային փոքրամասնություններ են, և ցանկացած պահի այդ երկիրը կարող է ներսից փլուզվել։

Մենք պետք է ունենանք իմունային համակարգ և մենք ունենք, որպեսզի նման բաների վերաբերվենք ադեկվատ ձևով։ Մենք այժմ տեսնում ենք, որ Ալիևն ունի խելագարներից կազմված մի քանի «դերասաններ», մեկը Ստամբուլում է ապրում, մեկը ինչ-որ հոգեբուժարանից է ուղիղ եթեր մտնում ու ցանկություն հայտնում, թե ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Այս ամենը, իհարկե, բեմադրություն է և ուղղորդվում է Ադրբեջանի կողմից, դրա արհեստականությունը երևում է, նաև, որ այդ մարդիկ անհավասարակշռված են։

Նման իրավիճակում պետք է արդիականացնենք մեր իմունային համակարգը և ինքնամաքրվենք, սա է բանալին մեր հետագա հաղթանակների»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, երբ խոսվում է Խորհրդային Միության տարիների մասին, պետք է հասկանալ, որ նույնիսկ ԼՂԻՄ-ը, որը բռնակցված էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը, այնուամենայնիվ Խորհրդային Ադրբեջանի լիիրավ մաս չի կազմել, քանի որ բոլորը հանդիսանում էին մեծ խորհրդային պետության անդամներ։

«Ադրբեջանը, օրինակ, իրավունք չուներ լուծարել ԼՂԻՄ-ը առանց արցախահայության և կենտրոնի համաձայնության, այսինքն՝ առանց ԽՍՀՄ սահմանադրության կետերը հարգելու։ Այսինքն՝ նա լիակատար իշխանություն չուներ նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ։ Նույնիսկ այդ տարիներին Ադրբեջանը արցախահայության նկատմամբ խտրական քաղաքականություն էր վարում։ Իսկ այժմ ո՞վ է կարողանալու գոնե արցախահայության տարրական իրավունքներն ապահովել՝ ոչ մեկը։ Սա նույնն է, որ հրեաներին ինքնավարություն տրամադրեն նացիստական Գերմանիայի կազմում, ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Մի բան է՝ հրեաներին ինքնավարություն տրամադրել Գերմանիայի կազմում, որը ԵՄ անդամ է, մեկ այլ բան, որ այն նացիստական է։

Այս ամենը չի նշանակում, որ մենք պատրաստ ենք լինելու Ադրբեջանի կազմում ինչ-որ մեկ այլ ընդհանուր պետության ներքո՝ ոչ։ Դա արդեն մեզ համար անցած ժամանակահատված է, մեզ համար վերադարձ չկա անցյալին, մենք բազմիցս դրա մասին ասել ենք։ Ադրբեջան պետության մեջ Արցախը ապագա ունի միայն մեկ ձևով՝ ոչնչացում, այդ պետության մեջ Արցախն ապագա չունի, մեր թշնամիներից շատերը հենց սա են ուզում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս