Բաժիններ՝

Արեն Դեյիրմենջյանը՝ Հայաստանում AMAA-ի նոր ներկայացուցիչ

AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հայտարարել է Արեն Դեյիրմենջյանին Հայաստանում AMAA-ի նոր ներկայացուցիչ նշանակելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. սեպտեմբերի 1-ից:

AMAA-ից մանրամասնում են՝ Արեն Դեյիրմենջյանը երեք տարի առաջ տեղափոխվել է իր ծննդավայր Բեյրութից՝ միանալու Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Երևանի գլխամասային գրասենյակին՝ որպես Հայաստանում AMAA-ի ներկայացուցչի տեղակալ:

Արենի՝ հավատքով անցած անձնական ուղին, ինչպես ինքն է ասում, նրան տարավ «արթնության ճանապարհով», ինչը մղեց Արենին՝ թողնել իր տան հարմարավետությունը և ուղևորվել դեպի անհայտություն՝ ճշմարիտ իմաստ և նպատակ գտնելու համար:

2013 թ. Բեյրութի Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո ստանալով լանդշաֆտային ճարտարապետության բակալավրի աստիճան՝ Արենը միացավ Լիբանանում իր ընտանիքի արտադրական բիզնեսին: Նա խորապես ներգրավված է եղել նաև Աշրաֆիեի Հայ Ավետարանական եկեղեցում՝ որպես երիտասարդական խմբի գլխավոր առաջնորդ և քրիստոնեական «Ջանից» ընկերակցության անդամ: 2016 թ. նա շարունակեց ուսումը Մոնտրյոյում (Շվեյցարիա), որն ավարտեց 2018 թ.՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Մեկ տարի անց, երբ իրեն առաջարկվեց AMAA-ի Հայաստանի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, Արենը մտածեց, որ ճիշտ ժամանակն է ընտանիքին պատկանող արտադրական ընկերությունից դուրս գալ և իր ղեկավարման փորձառությունն ու հոգևոր աճը ծառայեցնել բարեգործական և քրիստոնեական առաքելության իրագործմանը։

Որպես Հայաստանում AMAA-ի ներկայացուցչի տեղակալ՝ Արենի ամենօրյա պարտականությունների մի մասը ներառում էր շինարարական նախագծերի վերահսկումը, ֆինանսական թիմի հետ կապը, բյուջեի և դրամաշնորհային առաջարկների պատրաստումը:

Արենը նաև պարբերաբար այցելում էր AMAA-ի տարբեր գրասենյակներ Հայաստանում և Արցախում՝ ավելին իմանալու յուրաքանչյուր տարածաշրջանի համայնքների կարիքների մասին: Նա սերտորեն համագործակցել է AMAA-ի Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի հետ՝ ռազմավարությունները նախանշելու, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ ընթացիկ և նախկին ծրագրերը գնահատելու համար:

Արենը երաժիշտ է, ստացել է դասական և ջազ դաշնամուրի գիտական ​​աստիճան և նվագել է «Նոր երգ» քրիստոնեական նվագախմբում։ Ազատ ժամանակն անցկացնում է՝ դաշնամուր նվագելով, վայելելով Հայաստանի հարուստ երաժշտական աշխարհը, ճամփորդելով, մարզվելով, ընթերցելով և համտեսելով տարատեսակ խոհանոցների ուտեստներ:

Նրա ծառայության մղիչ ուժը մնում է հնազանդությամբ ջանալ՝ իրագործելու այն, ինչ Աստված դրել է իր առջև:

«Ես խանդավառ եմ Արեն Դեյիրմենջյանի՝ Հայաստանում AMAA-ի ներկայացուցիչ նշանակմամբ: Արենը նվիրվածություն է ցուցաբերել և մեծ եռանդով աշխատել է՝ Հայաստանում AMAA-ի առաքելության առաջխաղացման համար».-նշում է AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: «Մենք համոզված ենք, որ նրա ղեկավարման փորձը և հոգևոր հասունությունը կնպաստեն AMAA-ի գործունեության առաջխաղացմանը Հայաստանում և Արցախում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս