Ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են պետության փողերը

Այն, ինչի համար ժամանակին նախկիններին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա առանց աչք թարթելու ինքն ու իր կառավարությունն են անում։ Խոսքը պետության ֆինանսական միջոցների իրացման մասին է. պետական գնումների շրջանակներում պետության փողերն ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են։

Կարող են հրատապ գնումների շրջանակներում մեկ անձի միջոցով իրենց ցանկալի գնորդից միլիարդավոր դրամի գնումներ կատարել՝ ճանապարհ հիմնելու կամ վերանորոգելու համար, մի քանի ամիս անց պարզվի, որ այդ ճանապարհից ոչինչ չի մնացել։ Ու կառավարությունը որոշի ևս մի քանի միլիարդ հատկացնել՝ նորը կառուցելու կամ եղածը վերականգնելու համար։

Սա պետության միջոցները նույնիսկ ոչ թե անարդյունավետ օգտագործելու, այլ վատնելու ակնհայտ օրինակ է, որի մեղավորները պիտի պատասխան տան։ Բայց նման բաներին ուշադրություն դարձնող չկա։

Նախկիններին մեղադրում էին, որ պետական գնումների համար հայտարարվող մրցույթներում հաղթում են յուրայինները։ Հիմա, երբ իրենց մարդիկ են հաղթում, համարում են, որ այդպես էլ պիտի լիներ, որ դրանում արտառոց ու անօրինական ոչինչ չկա։

Անշուշտ, բոլորն էլ կարող են մասնակցել պետական գնումների մրցույթներին ու հաղթել։ Նախկինում էլ կարող էին մասնակցել ու հաղթել, հատկապես որ, այդ ամենը կատարվում էր գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։ Բայց դա չէր խանգարում, որ մեղադրանքներ հնչեցնեին՝ գնումների համակարգում առկա հովանավորչության, կոռուպցիայի ու այլ կարգի չարաշահումների վերաբերյալ։

Այն, ինչ նախկինում կարող էին գաղտնի անել, հիմա շատ ավելի բացահայտ են անում ու առանց քաշվելու։

Ասենք՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող ընկերությունը կարող է միլիարդավոր դրամների գնման պայմանագրեր կնքել, ակնհայտորեն ընդլայնել իր մասնակցությունը գնման գործընթացներին՝ պետական բարձր պաշտոնում հայտնվելուց հետո, ու դա կառավարության այսօրվա ղեկավարին այլևս չանհանգստացնի։ Այնպես, ինչպես «անհանգստացնում» էր, երբ ընդդիմություն էր։ Եվ դա՝ այն պարագայում, որ սա բոլորովին էլ եզակի օրինակ չէ։

Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ ընկերություններ այս ընթացքում կարողացել են պետությունից բավական մեծ գումարների գնումներ փախցնել։ Բայց հիմա այդպիսի երևույթների մեջ այլևս «չարաշահումներ» չկան։

Իսկ որ մասսայական մեկ անձից գնումներ են կատարում, որոնց կոռուպցիոն ռիսկի հավանականությունը 100 տոկոսին մոտ է, հազար ու մի պատճառաբանություններ են բերում արդարացնելու համար։ Չեն ասում, որ մեկ անձից գնումներ կատարելու հիմնական մեղավորությունը կառավարությանն է, որ ճիշտ չի գնահատում գնման պահանջը։

Ժամանակին չեն կարողանում մրցույթ հայտարարել ու մրցույթի միջոցով որոշել հաղթողին, ստիպված գնում, մեկ անձից են գնում կատարում։ Այդ մեկ անձն էլ սովորաբար լինում է նա, ում իշխանությունները ցանկանում են։

Մրցույթ ասվածն այս պարագայում ամբողջությամբ և բացարձակ ձևական է։ Հարցումների միջոցով ընդամենը գին են ճշտում, բայց դժվար չէ նվազագույն գին ստանալ նրանից ու հաղթող ճանաչել, ում հետ ուզում են կնքել գնման պայմանագիրը։

Սա է, թերևս, հիմնական պատճառը, որ մեկ անձից կարտարվող գնումների կոռուպցիոն ռիսկերը համարվում են շատ բարձր։ Կոռուպցիոն պայմանավորվածությունների ու համաձայնությունների հավանականությունն այսպիսի գնումների դեպքում մեկից մեկ է։ Եվ որքան էլ տարօրինակ է, վերջին տարիներին չնայած մեկ անձից բավական մեծ ծավալի գնումներ են կատարել, պատկան մարմինները մինչև հիմա կոռուպցիոն որևէ բացահայտում կամ չարաշահում չեն գտել։

Այնպես չէ, որ այդպիսի երևույթներ չեն եղել։ Հավանաբար նպատակահարմար չեն գտել բացահայտել։

Մեկ անձից կատարվող գնումները սահմանափակելու համար, ժամանակին թույլտվության բարձր նշաձողն էին դրել։ Սակայն, միևնույն է, դա չի խանգարում, որպեսզի այսօր բազմաթիվ գնումներ կատարվեն գնման հենց այդ ձևի միջոցով։

Նախկինում էլ քիչ չէին մեկ անձից գնումները, բայց իշխանափոխությունից հետո դրանց շրջանակն էապես ընդլայնվեց։ Երբմեն կառավարությունը թույլ է տալիս մեկ անձից միլիարդավոր դրամի գնումներ կատարել՝ մեկ գնման պայմանագրով, ու դա պայմանավորում է ժամանակի սղությամբ։

Այնինչ ժամանակի սղությունը հաճախ կապված է այն բանի հետ, որ մրցութային գործընթացները պատշաճ չեն նախապատրաստվում ու կազմակերպվում, ինչի պատճառով էլ դրանք մասնակիցներ կամ հաղթողներ պարզապես չեն ունենում։ Նման դեպքերում ստիպված են լինում նոր մրցույթ հայտարարել, որը կարող է ձգվել ևս 2-3 ամիս, կամ գնալ մեկ անձից գնում կատարելու ճանապարհով։

Երբ այս մարդիկ նոր էին եկել իշխանության ու պետական կառավարման համակարգից պարզապես անտեղյակ էին, այսպիսի իրավիճակները դեռ կարելի էր ինչ-որ կերպ հասկանալ։ Սակայն, որ մինչև հիմա էլ շարունակում են նույն արատավոր պրակտիկան, ոչ մի արդարացում չի կարող ունենալ։

Չեն կարողանում ճիշտ գնահատել գնման պահանջը՝ ուշացնում են նախատեսվող աշխատանքները։ Շատ հաճախ հենց այդ պատճառով են վերջին տարիներին թերակատարվել պետական բյուջեով ամրագրված կապիտալ ծախսերը։ Առանձին տարիներին կատարողականն ընդհուպ 35-40 տոկոսով պակաս է եղել։

Դրա հետևանքով նախատեսված ծրագրերը մնացել են թղթի վրա, չեն ստացվել նաև ակնկալվող արդյունքները։

Թե նման արատավոր գոծողությունների հետևանքով որքան վնասներ են պատճառել պետությանն ու տնտեսությանը, ոչ մեկը չի հաշվել։ Դրա համար որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Միայն վերջերս են կառավարությունում հասկացել, որ բյուջեով նախատեսված ծրագրերի չկատարումը, հատկապես, երբ դրանք վերաբերում են կապիտալ բնույթի ծախսերին, եղել են ի վնաս պետությանը։

Չորս տարուց ավելի է, չեն կարողանում բյուջեի կապիտալ ծախսերը ժամանակին կատարել, կարծում են, թե դրա մեղավորը պետական գնումների համակարգն է։ Այս ընթացքում բազմիցս փոփոխություններ են կատարել այդ համակարգում։ Ընդ որում՝ երբեմն տրամաբանությունից դուրս փոփոխություններ։

«Հիշում եք, թե այս ընթացքում ինչքան փոփոխություններ ենք արել գնումների համակարգում: Պետք է անկեղծ ասել, որ փնտրտուքների մեջ ենք, և ոսկե միջինը գտնել այս պահի դրությամբ մեզ չի հաջողվել»,- օրերս գնումների նոր հայեցակարգի ներկայացման վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ խոստովանեց կառավարության ղեկավարը։

Հիմա էլ որոշել են գնումների նոր հայեցակարգ ներդնել՝ մոռանալով, որ խնդիրը ոչ թե հայեցակարգի, այլ իրենց թափթփված աշխատանքի մեջ է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս