Սյունիքի հարցում ռազմական զգոնությունն Իրանի ամենաբիրտ մոտեցումն է, բայց արդյո՞ք ՀՀ-ն դա թույլ կտա. Ռոբերտ Բեգլարյան
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Փաշինյանը Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Իրանի նախագահն անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նշեց՝ Իրանի նախագահի համար այդ զարգացումներին հընթացս հայ-իրանական սահմանի անխախտելիությունն աներկբա է, և հենց այդ նպատակով է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին կարևորել է, որ ուկրաինական պատերազմը չպետք է պատճառ դառնա, որ Ռուսաստանի ուշադրությունը Հարավային Կովկասից շեղվի։
«Իրանը հայ-իրանական սահմանի անվտանգության ապահովման հարցում ակնկալիք ունի նաև Ռուսաստանից։ Ակնհայտ է, սակայն, որ երբ Իրանը շեշտում է հայ-իրանական սահմանի հարցը, այստեղ պետք է դիտարկել ոչ միայն բուն սահմանագիծը, այլ այդ կարևորության համատեքստում նաև հենց Սյունիքի մարզի անվտանգությունը, որովհետև տեսանելի է, որ Հայաստանը հիմա ռազմական առումով բարվոք վիճակում չէ»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Իրանի նախագահի այն ձևակերպմանը, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի, Ռոբերտ Բեգլարյանը պարզաբանեց, որ դա նշանակում է, որ Իրանն ուշադրություն է դարձնում հայ-իրանական սահմանին զուգահեռ՝ նաև Հայաստանի սահմանից ներս՝ Սյունիքում ընթացող զարգացումներին։
«Բայց հարց է առաջանում՝ եթե ինչ-որ բան կատարվի, արդյո՞ք Իրանը կկարողանա միջամտել։ Եթե տարբեր երկրների պայմանավորվածությամբ Սյունիքում խնդիրներ առաջանան, արդյո՞ք Իրանը կմիջամտի. չէ՞ որ Հայաստանի հողի վրա են դրանք տեղի ունենալու, չէ՞ որ Հայաստանն այդ հարցում կարող է ունենալ իր նկատառումները։
Իրանի կողմից. այո՛, ամենաբիրտ մոտեցումը կարող է լինել ռազմական զգոնությունը, բայց արդյո՞ք ՀՀ-ն դա թույլ կտա։ Կարծում եմ՝ Փաշինյան-Ռաիսի երեկվա հեռախոսազրույցն այս հարցերի վերաբերյալ էր ու նաև մեսիջ՝ հարևաններին, որ Իրանը կարող է այլ լծակներից օգտվել»,- ասաց Իրանի խորհրդարանի պագամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում