Աղվան Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հրատապ նիստի ընթացքում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ներկայացնելով միջնորդությունը, արձանագրեց, որ առկա են բոլոր նախադրյալները՝ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու համար։ Պաշտպանը գրավի չափը թողեց դատարանի հայեցողությանը։ Միջնորդության հիմքում դրվել է Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացումը և հնարավոր կոմայի նախանշանները։
Պաշտպանի խոսքով՝ պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացուն, ապահովի, որ իր քաղաքացին հնարավորություն ունենա իրացնելու իր իրավունքը, պետությունը երբեք չպետք է անի այնպիսի գործողություններ, որը կարող է հանգեցնել առողջական վիճակի քայքայմանը, հանգեցնել մահվան դռանը։ Ալեքսանյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանը ինչ-որ մեկին կարող է դուր գալ, կարող է՝ դուր չգալ, բայց պետք է առաջնորդվել իրավունքով։ Ալեքսանյանը նշեց՝ դատարանից խնդրում են ողջամիտ վերաբերմունք, դժվար է պատկերացնում, թե սրանից ավել էլ ինչ է պետք ներկայացնել։ Հանրային մեղադրող Հայկուհի Բաղդասարյանն էլ արձանագրեց, որ ներկայացվել են նոր հանգամանքներ, հետևաբար, միջնորդությունը պետք է քննարկվի։ Միևնույն ժամանակ Բաղդասարյանն արձանագրեց, որ դատաբժշկական փորձաքննության իրականացումը դանդաղում է։