«Եթե սրա դեմ այսօրվանից պայքարենք, նոր կապիտուլիացիայից կարելի է խուսափել»․ Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Թուրքիան ամեն բան անում է, որպեսզի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցությունները ընթանան ուղիղ, առանց միջնորդների, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առջև դրված նպատակները, որոնց կարող են հակադրվել տարածաշրջանում շահեր ունեցող այլ կողմեր։ Սա է պատճառը, որ թուրքական կողմն անդադար պնդում է հատուկ բանագնացների հանդիպումները իրականացնել առանց միջնորդների, Հայաստանում կամ Թուրքիայում։
Այսօր էլ մերձիշխանական A Haber լրատվականը, թուրքական դիվանագիտական աղբյուրի վրա հղում կատարելով, նշել է, որ հաջորդ՝ 5-րդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերին, ոչ երրորդ երկրում։ Ավելին, ըստ պարբերականի, նույն աղբյուրը, ի պատասխան հանդիպման վայրի մասին հարցի, նաև ասել է. «հո թշնամական հանդիպում չի՞, [որ երրորդ երկրում լինի]»։
Սա ինձ հիշեցրերց 1920 թ. Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակման շրջանում Քեմալ Աթաթյուրքի նամակ-կարգադրություններից մեկը թուրք «խաղաղության պատվիրակներին» (այլ բառերով՝ Հայաստանի հետ հատուկ բանագնացներին), որում ասված է. «Հայերի հետ մեր բանակցություններում ոչ մի այլ կողմի միջամտությունն ու միջնորդությունը քննարկման առարկա լինել չեն կարող:
Մասնավորաբար, կարող եք հայտարարել, որ անընդունելի է նրանց միջնորդությունը, ովքեր կցանկանան ներկայացնել հայերին եւ նրանց պաշտպանելու նպատակով կուզենան խառնվել գործին։ Հստակ է, որ մենք դույզն անգամ չենք հրաժարվի մեր իրավունքներից» (23 նոյեմբեր, 1920 թ.)։
Եթե պայքարենք սրա դեմ այսօրվանից, նոր կապիտուլիացիայից կարելի է խուսափել»։