«Փաշինյանի կինը Մեհրիբանին հրավիրեց թեյ խմելու, եկավ և տիրացավ. վախենում եմ պատկերացնել՝ ինչ կլինի Հայաստանի հետ Նիկոլի հրավերից հետո». Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները վարում են թուրքահպատակ քաղաքականություն:

«Աղավնոյի և Բերձորի պարագայում թուրքերին հաճոյանալու և Ալիևի պահանջները արագորեն կատարելու հարցն է դրված: Հիշենք, որ ընդամենը ամիսներ առաջ ԱԽ քարտուղարը լրիվ այլ ժամկետների մասին էր խոսում, և ես հակված եմ մտածել, որ այդ պահին Ալիևի այս պահանջը դրված չի եղել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա է այս աժիոտաժը սկսվել, որն ընդամենը հայտարարություն է, և նրա պարտադիր կիրառումը դեռ վիճելի հարց է, ապա այնտեղ որևէ ժամկետ նշված չէ, ավելին՝ ժամկետները, որոնք այլընտրանքային կոչված ճանապարհի վերաբերյալ են, երեք տարում նոր պետք է հաստատվեր նախագիծը: Այն, ինչ այսօր կատարվում է Աղավնոյում և Բերձորում, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Արցախի իշխանությունների հպատակությունը՝ հաղթող Ադրբեջանին: Սա կանխատեսելի էր, այս մասին ևս խոսել ենք՝ քանի դեռ իշխանության ղեկին է մարդ, որը պարտվել է և չի կարողանում որևէ բանակցությունում մեր վեկտորը ներկայացնել, այս ամենը շարունակվելու է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը երբևէ կանգ չի առնելու. «Սա հասկանալու համար բավական էր պատկերացնել միայն այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո որևէ բան չավարտվեց, ոչ թե՝ Ղարաբաղը հանձնենք և լավ կապրենք, Հայաստանն էլ հանձնենք՝ լավ չենք ապրի: Իսկ հասարակությունն իր դրսևորած անտարբերությամբ ինձ հիմք է տալիս մտածելու, որ եթե, ասենք, Մալաթիա-Սեբաստիայի հանձնման հարցը դրվի, Դավթաշենը անհաղորդ կմնա: Մենք այսօր գտնվում ենք տոտալ թմբիրի մեջ: Մի խումբ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչները շատ քիչ են՝ բացատրելու և հասկացնելու, որ պետք է արթնանալ թմբիրից»:

Նաիրա Կարապետյանը շեշտեց՝ խաղաղություն կարող է լինել միայն մեր հաղթանակով, որն ըստ նրա՝ մենք տեսել ենք. «Այդ խաղաղության ամրապնդման և վերջնական փաստաթղթային լուծում ստանալու ճանապարհը, որը երկար ու ձիգ տարիներ մենք անցել ենք, գուցե քանի որ չի հանրայնացվել, ելնելով դիվանագիտական էթիկայից և պահանջներից, հասարակությունը չի հասկացել և չի գնահատել, թե որն է խաղաղությունը: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2020թ. և տեղի է ունենում մինչ օրս, դա շարունակական մղձավանջն ու պատերազմն է: Պատերազմը չի ավարտվել, ասեմ ավելին՝ պատերազմի վտանգը գնալով ավելի է թեժանում: Ալիևի պահանջներն օր օրի ավելի են լկտիանում: Դեռ պատրաստ չէ այլընտրանքային ճանապարհ կոչվածը, Ալիևը պահանջում է դատարկել Բերձորը և Աղավնոն, և ուզում է տիրանալ Բերձորի ճանապարհին, ավելին՝ մեղքը բարդելով հայկական կողմի վրա: Ալիևի ախորժակը չի հագենալու, քանի որ նա ներսում ևս ունի խնդիրներ. Ադրբեջանում սոցիալական բունտ հասունանալու վտանգի առաջ են կանգնած, էլ չեմ ասում՝ իրենց զոհերի ընտանիքների հատուցման հետ կապված Ադրբեջանն ունի խնդիրներ, և Ադրբեջանին ընդամենը պետք է իր հասարակությանը կերակրել նորանոր հաղթանակներով: Թե երբ կանգ կառնեն այդ հաղթանակները, ես չգիտեմ»:

Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունն արդեն հրապարակել է Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Ըստ այդ նախագծի՝ ապամոնտաժվելու է եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում են երկու մինարեթներ։

Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ամենաթույլ տեղն է հայկական գոյության ապացույցը. «Չէ՞ որ իրենց հորինված պատմության միակ խոչընդոտը մեր խաչքարերը, եկեղեցիներն են: Ինչքան էլ նրանք փորձեն դրանք ալբանական կամ ուդիական ներկայացնել, կան մասնագետներ, ովքեր կարող են պարզապես ուսումնասիրություններ անել, պետք է այդ ամենի վերջը տալ: Ինչ վերաբերում է նրան, որ իշխանություններն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասում են՝ ձեր տներն այրեք՝ փոխհատուցում չեք ստանա, ես հարց ունեմ՝ իսկ Հադրութի և Շուշիի բոլոր տեղահանված քաղաքացիները ստացե՞լ են փոխհատուցում: Ասենք՝ չենք այրել, թողել ենք, տվե՞լ եք փոխհատուցում: Եթե ծայրահեղ անհրաժեշտություն կար Բերձորն ու Աղավնոն դատարկելու, կարելի էր նախապես այդ մարդկանց կացարանի մասին մտածել: Ոչ թե կանչել և փաստի առաջ կանգնեցնել»:

Անդրադառնալով Փաշինյանի հանձնարարականին, որ ԱԱԾ տնօրենը և ՊԵԿ նախագահը ապահովեն ադրբեջանցիների անխափան մուտքը ՀՀ տարածքով Նախիջևան, նա հետևյալն ասաց. «Նիկոլ Փաշինյանի կինը Մեհրիբանին հրավիրեց թեյ խմելու, Մեհրիբանը եկավ և տիրացավ այդ վայրին, ես վախենում եմ պատկերացնել՝ ինչ կլինի Հայաստանի հետ Նիկոլի հրավերից հետո»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս