Ծովինար գյուղի ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշված գյուղի 33-ամյա բնակչի «գլխի բազմաթիվ վնասվածքներ», ինչպես նաև նույն գյուղի մեկ այլ՝ 57-ամյա բնակչի «ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն դիմելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ծովինար գյուղին հարակից անտառամերձ ճանապարհին, նախկինում ունեցած անձնական խնդիրների պատճառով, 33 և 57-ամյա համագյուղացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ընթացքում վերջինս ատրճանակից կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է 33-ամյա տղամարդու կողմից իրավապահներին ներկայացված հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համագյուղացիների միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի փաստի առթիվ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: