«Չափազանց զբաղված է, ժամանակ չունի»․ Լեհաստանի վարչապետը հրաժարվել է հանդիպել Ջոնսոնի հետ
Բորիս Ջոնսոնը, որը շուտով կլքի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ցանկացել է հանդիպել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ, սակայն վերջինս մերժել է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Մորավեցկու գրասենյակից տեղեկացրել են, որ նախապես ծրագրված հանդիպումը չի կայանա, քանի որ Լեհաստանի վարչապետը «չափազանց զբաղված է, ժամանակ չունի»:
Ըստ որոշ աղբյուրների՝ հանդիպումը ծրագրված էր օգոստոսի 8-ին՝ Վարշավայում:
Մորավեցկու գրասենյակից նաև հավելել են, որ դժվար թե Լեհաստանի վարչապետը մինչև Ջոնսոնի՝ սեպտեմբերի սկզբին պաշտոնը լքելն ազատ ժամանակ գտնի նրա հետ հանդիպելու համար:
Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը՝ 11 նախարարների ու մի քանի տասնյակ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների «բողոքի» պաշտոնանկությունների պատճառով։ Ջոնսոնն անձամբ է ներկայացրել իր հրաժարականը։
Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ Պաշտոնի հավակնորդներն են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: Մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը Ջոնսոնը շարունակում է կատարել իր պարտականությունները։