Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 51-րդ տեղում է․ World Press Freedom Index–ը զեկույց է հրապարակել

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների և օգտատերերի պաշտպանությունը, հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ինդեքս» (World Press Freedom Index) տարեկան զեկույցը:

Այս տարի լավագույն ցուցանիշն արձանագրել է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը: Մինչդեռ վարկանիշային աղյուսակը եզրափակում է հետևյալ տասնյակը՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմար, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 68.97 միավորով 51-րդ տեղում է:

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ»,- ասված է զեկույցում:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանն 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը, Իրանը՝ 178-րդը:

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի հեղինակաները նշում են, որ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձել է լռեցնել մնացած բոլոր քննադատներին:

Թուրքիայի վերաբերյալ նշվում է, որ այդ երկրում մեծ տեղ է գրավում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով ԶԼՄ-ների բազմակարծությանը: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին թուլացնելու համար։

Նշենք, որ զեկույցի նպատակն է համեմատել մամուլի ազատության մակարդակը, որն ունեն լրագրողներն ու լրատվամիջոցները աշխարհի 180 երկրներում և տարածքներում: Այս համեմատությունը հիմնված է մամուլի ազատության սահմանման վրա, որը ձևակերպվել է RSF-ի և նրա խմբի փորձագետների կողմից 2022 թվականից կիրառվող նոր մեթոդաբանության մշակման ժամանակ:

Մամուլի ազատությունը սահմանվում է որպես լրագրողների՝ որպես անհատների և կոլեկտիվների կարողություն՝ ընտրելու, արտադրելու և տարածելու նորություններ՝ ելնելով հանրային շահերից՝ անկախ քաղաքական, տնտեսական, իրավական և սոցիալական միջամտությունից և նրանց ֆիզիկական և մտավոր անվտանգությանը սպառնացող վտանգների բացակայության դեպքում:

Ինդեքսի վարկանիշը հիմնված է 0-100 միավորի վրա, որը հատկացվում է յուրաքանչյուր երկրի կամ տարածքի. 100-ը հնարավոր լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակը), իսկ 0-ն՝ վատագույնը:

Այս միավորը հաշվարկվում է երկու բաղադրիչի հիման վրա՝

լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ չարաշահումների քանակական ցուցանիշ՝ կապված նրանց աշխատանքի հետ,

յուրաքանչյուր երկրում կամ տարածքում իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ին մամուլի ազատության ոլորտի մասնագետների (ներառյալ լրագրողների, հետազոտողների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների) պատասխանների վրա։

Տեսանյութեր

Լրահոս