«Մանվել Փարամազյանը ցանկացած տեսակի պետականամետ գաղափարի կողքին կանգնած է՝ ի շահ Հայաստանի, Սյունիքի ու Քաջարանի». Քաջարանի համայնքապետարանի խոսնակ

«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունները «Դեպի միասնություն» նախընտրական դաշինք ձևավորելու մասին հուշագիր են ստորագրել։ Մամուլում հրապարակված այս տեղեկության համաձայն՝ Քաջարանում առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Դեպի միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Արդեն տևական ժամանակ է, Մանվել Փարամազյանի հեռախոսահամարն անհասանելի է, այդ պատճառով էլ 168.am դիմեց Քաջարանի համայնքապետարանի խոսնակ Դավիթ Համբարձումյանին և նրան մի քանի հարց ուղղեց։

Մասնավորապես՝ ինչո՞ւ է Մանվել Փարամազյանը որոշել գլխավորել նորաստեղծ դաշինքը, ինչպե՞ս է նա գնահատում իր շանսերը, քանի որ ընտրապայքարին մասնակցելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։ Նաև հետաքրքրվեցինք, թե այս պահին Մանվել Փարամազյանի և ընդդիմության, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի անդամների հարաբերություններն ինչպե՞ս են, այս կամ այն հարցի շուրջ նրանց միջև շփում կա՞։

Ըստ խոսնակի, Մանվել Փարամազյանն ի սկզբանե համայնքապետ ընտրվելիս ունեցել է մեծ ծրագրեր՝ ուղղված համայնքի զարգացմանը։

Կարդացեք նաև

«Վերջին 5 տարիների ընթացքում եղավ կորոնավիրուս, պատերազմ, նաև իր կալանավորումը պատճառ դարձավ, որ բազմաթիվ ծրագրեր մնան կիսատ կամ անկատար։ Այդուհանդերձ, նա համայնքի համար մեծ աշխատանքներ է արել, այս պահին էլ այստեղ մեծածավալ աշխատանքներ են ընթանում։ Նրա առաջադրվելու նպատակը հենց համայնքի ծրագրերն իրականություն դարձնելն է, սա կլինի իր նախընտրական ծրագրերում։ Նրա թիմն էլ ուժեղ է՝ մանկավարժ, բժիշկ, արվեստի գործիչ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ։ Դաշինքի անունն էլ պատահական չէ՝ «Դեպի միասնություն», այսօր մեզ ի՞նչն է պակասում՝ միասնությունը, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գնանք միասնության»,- նշեց Դավիթ Համբարձումյանը։

Ըստ մեր զրուցակցի, 2016 թվականին, երբ Փարամազյանն ընտվել էր քաղաքապետ, իսկ 2017 թվականին համայնքը խոշորացվեց, նա կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։

«Մանվել Փարամազյանն առաջնորդ տեսակ է, ահել-ջահել նրան հարգում են, այսպես առաջացավ նրա համայնքապետ լինելու պահանջը։ Այնպես չէ, որ ինքը որոշեց, ժողովուրդը որոշեց և 2016 թվականին ընտրեց, իսկ մեկ տարի անց՝ վերընտրեց։ Հանրային պահանջ է եղել, որ նա լինի համայնքի ղեկավար, այսօր էլ այդ պահանջը կա։ Առջևում նախընտրական քարոզարշավ է, յուրաքանչյուրը կներկայացնի իր ծրագիրը, ճիշտ է, փոքր բնակավայր է, մեկը մյուսին ճանաչում են, բայց կապ չունի՝ Փարամազյանն իր հող ու ջրին կապված մարդ է։ Այս ամենում մենք համոզվեցինք, երբ 2021 թվականին նա չցանկացավ դառնալ ԱԺ պատգամավոր, ասաց, որ ավելի շատ իրեն տեսնում է համայնքապետի աշխատանքը կատարելուց։ Կարծում եմ՝ նրա շանսերը մեծ են, թեպետ չեմ թերագնահատում մյուս մրցակիցների շանսերը»,- շեշտեց Դ. Համբարձումյանը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի անդամների հետ Մանվել Փարամազյանի հարաբերություններին, Դավիթ Համբարձումյանը խուսափեց պատասխանել, իր բնորոշմամբ,  այդ քաղաքական հարցին։

«Ինձ այդ հարցին պատասխանելուց հեռու կպահեմ, ոչ թե որ ինչ-որ բան կա՝ չեմ ասում, ոչ։ Ես ասում եմ՝ Մանվել Փարամազյանն այն տեսակի մարդ է, որ ցանկացած տեսակի առողջ, պետականամետ գաղափարի կողքին կանգնած է՝ ի շահ Հայաստանի, Սյունիքի ու Քաջարանի։

Հետևաբար՝ այդ հարցին չպատասխանեմ, այն կարող եք տալ մյուս կողմին»,- եզրափակեց Դավիթ Համբարձումյանը։

Տեսանյութեր

Լրահոս