«Պահանջում եմ Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճիռը բեկանել ամբողջությամբ ու ամբաստանյալներին դատապարտել ազատազրկման». Տիգրան Աթանեսյան

Նախորդ ամիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի համար ճանաչել ու հռչակել էր «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի և Յուրի Ավագյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Ամբաստանյալներն արդարացվել էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին՝ վերացվել։

168.amանդրադարձել էր  «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակում հասանելի սույն վճռին, ըստ որի՝ առևանգման հանցակազմով քննվող գործում առկա չէ գեթ մեկ ապացույց, փաստական տվյալ այն մասին, որը կարող է վկայել, խոսել այն մասին, թե ամբաստանյալները նախապես, տեղում կամ երբևէ ցանկացել են տուժողին տեղափոխել այլ վայր (ուրիշ թաղամաս, բնակավայր, քաղաք և այլն), կտրել միկրոսոցիալական միջավայրից, դեռ ավելին, առկա ապացույցներն աներկբայորեն փաստում են ամբաստանյալների դիտավորությունը տուժողին մոտակայքում՝ նույն փողոցի դիմացի մայթում գտնվող աղբամանը գցելու մասին, առևանգման մասին հիշատակում, հարցադրում կամ ենթադրություն պարունակող դատողություն առկա է բացառապես տուժողի ցուցմունքում:

«Եթե նույնիսկ ընդունենք, թե դատաքննությամբ հիմնավորվել է ամբաստանյալների կողմից կատարված մեկ այլ ենթադրյալ հանցագործություն, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը (Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), ապա Դատարանն իրավասու չէ կատարել արարքի վերաորակում, քանի որ կաշկանդված է մեղադրանքի ծավալով: Հակառակ մոտեցումը կնշանակի, թե դատարանն իրականացնում է ոչ թե արդարադատություն, այլ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, ինչն անթույլատրելի է»,- գրված էր դատավոր Դավիթ Հարությունյանի հրապարակած վճռում: Նշված էր նաև, որ Դատարանն արձանագրում է, որ ապացուցված չէ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը:

168.am-ի հետ զրույցում այս գործով Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ արդեն իսկ բողոքարկել են դատարանի վճիռը Վերաքննիչ քրեական դատարան:

«Վերաքննիչ բողոքը ներկայացրել եմ հուլիսի 22-ին, որով պահանջում եմ Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճիռը բեկանել ամբողջությամբ և կայացնել մեղադրական դատական ակտ ու ամբաստանյալներին դատապարտել ազատազրկման, որը պետք է կրեն իրական»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Վերջինս նշեց՝ դատախազը պահանջում է պայմանականորեն չկիրառել ազատզրկման ձևով պատիժ, սակայն ինքը կարծում է, որ դրա հիմքը չկա, քանի որ նախ մեղքը չեն ընդունել, չեն զղջացել, դեռ մի բան էլ հպարտ են իրենց գործած հանցանքով և միշտ եղել են ազատության մեջ:

«Սոցիալական արդարությունը վերականգնելու տեսանկյունից արդարադատությունը պահանջում է, որ նրանց նկատմամբ պատիժ նշանակվի ազատազրկման տեսքով: Այդպիսին է մեր դատական պրակտիկան, այդպիսին եղել է միշտ և կա»,- ասաց Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված արդարացման դատավճռի պատճառաբանություններին, ըստ Տիգրան Աթանեսյանի, դատավորը գործել է երեք կոպիտ սխալ:

«Առաջինը՝ նա գտել է, որ առևանգման դեպքում մարդուն պետք է առևանգման վայրից ինչ-որ մի լուրջ հեռավորության վրա տեղափոխեն: Դա շատ սխալ է: Պարզապես դա իրավաբանական գիտության հետ աղերս չունի, որովհետև, օրինակ, այդ դեպքում բացառվում է, որ հարևանը հարևանին առևանգի: Այսինքն՝ կարող է, չէ՞, դռներն իրար կպած հարևաններից մեկը մյուսին առևանգի ու պահի իր բնակարանում, առևանգվածի բնակարանից ֆիզիկապես կես մետր հեռու տարածության վրա: Եթե գնանք Դավիթ Հարությունյանի տրամաբանությամբ, այդտեղ առհասարակ հանցանք չկա: Դու կարող ես քո հարևանին առևանգել ու քո տանը պահել 10 օր, ու դա հանցանք չէ»,- տարակուսեց Տիգրան Աթանեսյանը:

Դատավորի կայացրած երկրորդ սխալը, Նարեկ Մալյանի ներկայացուցչի խոսքով, վերաբերում է վայրի վերաբերյալ փաստարկին, թե քննությամբ պարզված չէ՝ ուր պետք է տանեին, իսկ եթե ուզում էին գցել աղբամանը, դա ևս հանցանք չէ:

«Դա ևս սխալ է, որովհետև «այլ վայր» հասկացությունը իրավաբանական գիտության մեջ մեկնաբանվում է՝ որպես ցանկացած վայր, որտեղ տուժողը չի ուզում գտնվել: Այսինքն՝ յուրաքանչյուր վայր կարող է լինել: Դա չպետք է անպայման լինի նկուղ կամ մեքենայի բեռնախցիկ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով՝ իրավաբանական կոպտագույն սխալներ են, որոնց պատասխանները կան ցանկացած մասնագիտական գրականության մեջ:

Ըստ նրա՝ դատավորի երրորդ սխալն այն էր, որ պարզ չէ՝ ինչ ժամկետով էին տանում: Փաստաբանի կարծիքով՝ դա էլ է շատ սխալ, որովհետև գիտությունը հստակ ասում է, որ այդ հանցագործության դեպքում պահելու ժամկետը որևէ նշանակություն չունի:

«Օրենքի տեսակետից մի վայրկյանից տասը օրը նույն բանն է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նա, ի դեպ, վկայակոչեց ևս մեկ սխալ:

«Դատավորը գտել է, որ արարքը նման է մեկ այլ հանցագործության՝ խոշտանգման (դա նախկին Քրեական օրենսգրքի 119 հոդվածն է), բայց ասել է՝ քանի որ մեղադրանքի նկարագրության մեջ բացակայում է խոշտանգման մասին նշումը, ինքը չի կարող վերաորակել, քանի որ դուրս կգա մեղադրանքի ծավալից: Դատավորն ասում է՝ քանի «խոշտանգում, հոգեկան խիստ տառապանք պատճառել» ձևակերպումները չկան, ինքը չի կարող արարքը վերաորակել: Սա ևս կոպտագույն իրավաբանական սխալ է, որովհետև առևանգման հանցակազմն իր մեջ ներառում է խոշտանգումը: Հետևաբար՝ քննիչն այս հարցում գրագետ է եղել, որ չի նշել, քանի որ դա առևանգման հանցակազմի մեջ կա արդեն: Դատավորը կոպիտ սխալ է գործել, երբ ասել է, որ այդ մասին նշված չէ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ շեշտելով՝ իրավաբանական առումով դատավորի կայացրածը դատավճռի հակապատկեր է:

Փաստաբանը նկատեց՝ բավականին լուրջ, խելացի դատավորների կազմ է Վերաքննիչ քրեական դատարանում քննելու իրենց բողոքը: Նախագահող դատավորն է Արշակ Վարդանյանը, դատավորներն են Արսեն Նիկողոսյանն ու Վազգեն Ռշտունին: Գործը մակագրվել է օգոստոսի մեկին, ենթադրաբար, այս ամիս արդեն առաջին դատական նիստը տեղի կունենա:

Նշենք նաև, որ պաշտպանական կողմից հետո վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև այս գործով հանրային մեղադրող (դատախազ) Սևակ Պողոսյանը։ Վերջինս պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ առևանգման փորձի մեջ նրանց մեղավոր ճանաչելով, դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով, և նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով:

Տեսանյութեր

Լրահոս