«Նիկոլն իր հողում չի կարողանում մի հարց լուծի, ուր մնաց՝ գերի բերի․․․»․ անհետ կորածի մայր

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ շուրջ 2 շաբաթ առաջ՝ հուլիսի 23-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանն ադրբեջանցի զինծառայող է հատել, և որ հայկական կողմն Արցախում տեղակայված ռուս խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով երեկ ադրբեջանցի զինծառայողին փոխանցել է ադրբեջանական կողմին։

Պաշտպանության նախարարության տարածած այս հաղորդագրությունը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց համացանցում, զայրացել են հատկապես շուրջ 2 տարի անհետ կորած և գերության մեջ գտնվող մի շարք զինծառայողների հարազատները։

2020 թվականի հոկտեմբերի 21-ից որդուց՝ Հովիկից, ոչ մի լուր չունեցող Կարինե Ներսիսյանը հույսը չի կորցնում, սպասում է հրաշքի, որ մի օր որդին կվերադառնա, բայց կարծում է՝ դա հնարավոր կլինի միայն այս իշխանությունների հեռանալուց հետո․

«Մեր երեխեքին դիտավորյալ տարել են կրակի բերան, մի հատ գեներալ չեն կարողանում դատել, էս ղեկավարությունից, էս Կառավարությունից ի՞նչ պահանջենք։ Մենք չունե՛նք Կառավարություն, որ ունենայինք, մեղավորներին կդատեին, մեկը գեներալ Անդրանիկ Մակարյանը, որը եղել է մեր Զանգելանի ուղղության պատասխանատուն, որտեղ էլ մեր երեխեքը շրջափակաման մեջ են հայտնվել, սպանվել, գերեվարվել, անհետ կորել»։

Կարդացեք նաև

Հովիկը ծառայում էր Էջմիածնի N զորամասում, որը հայտնի է «Քիմիկների» զորամաս անունով։ Պայմանագրային ծառայության անցնելուց ընդամենը 10 օր անց կռիվը սկսվեց․

«Էրեխեքին դատարկ՝ առանց զենք, առանց կասկա, տանում են, գեներալ Մակարյանը փախնում է, զորամասի հրամանատար Աբգարյանը փախնում է, իր իմացած տղերքին, ում հետ երկար աշխատել է, փախցնում է, մյուս երեխեքն էլ ընկնում են շրջափակման մեջ․․․»։

Դիտարկմանը, որ բազմաթիվ ծնողների զայրացրել է ադրբեջանցի գերուն վերադարձնելու քայլն այն պարագայում, երբ բազմաթիվ հաստատված և չհաստատված գերիներ ունենք Բաքվում, տիկին Կարինեն այսպես արձագանքեց․

«Մենք կառավարություն չունենք, վախենում են, ենթակա են նրանց՝ Ադրբեջանին և Թուրքիային։ Նրանք ինչ ասում են, սրանք անում են։ Նիկոլն իր հողում, իր տարածքում չի կարողանում մի հարց լուծի, ուր մնաց՝ գերի բերի․․․

Եթե գեներալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Աբգարյանը, մյուս մեղավորները պատասխան չտան, ծնողները ծայրահեղ քայլերի կդիմեն։ Նիկոլն ինչ նստել է՝ բռնում-թողնում, բռնում-թողնում։ Այդ ակցիաները լինելու են ոչ միայն այս հրամանատարների դեմ, այլև կառավարության, Փաշինյանի։ Հեշտ էր, հա՞, էդքան երեխա տարան սպանեցին․․․»։

Տեսանյութեր

Լրահոս