Ամբողջ գիշեր չեմ քնել. էս էլ պղծեց. անիծվե՛ս դու, Նիկո՛լ. 44-oրյա պատերազմում անհետ կորածի մայր

«Այն չարիքը, որ որդուս անհետացման պատճառն էր, ում ես 5 տարի փնտրում եմ, բազմիցս էլ հանդիպել եմ էս չարիքին, հիմա եկել է, որ պղծի այն տեղը, ուր ես 5 տարի մշտապես մխիթարություն եմ առել, որտեղ 5-6 տարի առաջ չոքեչոք աղերսել եմ, որ որդուս գտնեմ»,-այսօր Չարենցավանի եկեղեցու մոտ ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Վարուժան Իսրայելյանի մայրը։

Վերջինս նշեց` ես այստեղի հավատացյալ եմ, բոլորը կվկայեն, հենց ինքը քահանան կվկայի։

«Ինքը քահանան, միշտ իմ ընտանիքի կողքին է եղել, ու ես ափսոսում եմ, որ ստիպողաբար էդ երեխեն էլ գնաց այդ քայլին։ Ինքը արտակարգ քահանա է, իմ բոլոր ցավերին ականատես էր եղել, ես իրեն ավագ քույր կարող եմ լինել»,-ասաց անհետ կորած զինծառայողի մայրը` պնդելով, որ Փաշինյանի հետ մարդիկ են բերել Չարենցավանի եկեղեցի, որոնք կեղծ են, հավատացյալներ չեն:

Նա նշեց նաև, որ Չարենցավանի եկեղեցի եկած իբր հավատացյալների կեսը բերված է, շրջիկ են։

Կարդացեք նաև

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կարող է ամեն կիրակի նկարել և ուղարկել տեսանյութերը, որպեսզի տեսնեն` ովքեր են իրական հավատացյալները, իսկ Փաշինյանի հետ եկածները` «բերովի» մարդիկ:

Կինը վրդովված էր, պահանջում էր, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ անպայման այդ եկեղեցին մաքրագործվի, որ ինքը կրկին կարողանա մտնել այնտեղ։

«Բոլորս գիտենք, որ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանը ունի երեխաներ` տղա և աղջիկ։ Հենց նրա տղան, Արգիշտի Քյարամյանը կոծկեց մեր երեխաների գործը»,-ասաց կինը` հիշեցնելով ՀՀ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին:

«Էս եկեղեցու զանգը իմ տեգոր տղան է կախել, որը Նիկոլի թեթև ձեռքով զոհվել էր 2020թ. Հադրութում, անունը` Հարությունյան Զորիկ։ Նիկոլ, ստո՛ր, դու էսօր եկել ես` էդ էլ պղծես։ Անիծվե՛ս դու, քո յոթ պորտով անիծվե՛ս։ Որ եկեղեցին էլ գնաս, Նիկո՛լ, քո մեղքն այնքան շատ է, չես մաքրվելու։ Դու պիղծ ես, սատանա ես»,-հուզվեց Չարենցավանի բնակչուհին։

Վերջինս արտասվելով պատմեց նաև, որ որդու անհետ կորչելու լուրը նույնպես այս եկեղեցում է լսել, երբ ծնկած աղոթել է որդու համար.

«Ամբողջ գիշեր չեմ քնել, եկավ, սա էլ պղծեց։ Հիմա ես ուր գնամ, ոնց մտնեմ իմ եկեղեցին։ Սա իմ տունն էր, իմ տունը պղծեց չարիքը»,-ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս