Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։
Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ այս հարցը հատկապես սրվում է այսօր, այն բանից հետո, երբ կտրուկ ավելացել է ՌԴ-ից այցելուների թիվը։
«Կարևոր է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանին ուղղակիորեն ճանաչել է որպես Վրաստանում ահաբեկչության հովանավոր: Հաշվի առնելով առկա սպառնալիքները՝ պետք է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի վերահսկել մարդկանց հոսքը Վրաստանի տարածք»,- ըստ aliq.ge-ի՝ ասված է հայտարարության մեջ։
«Լելոն» պահանջում է նաև այս երկրների քաղաքացիների համար որոշել տուրիստական վիզաների վավերականությունը մինչև 30 օր:
«Նրանց համար, ովքեր ցանկանում են մնալ ավելի քան 30 օր, վիզաները պետք է տրամադրվեն՝ համաձայն Եվրամիության լավագույն փորձի կազմված ընթացակարգերի»,– ասված է հայտարարության մեջ։