Չավուշօղլուն՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին

Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ տալիս է նոր հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ Եվրասիան և պատմական Մետաքսի ճանապարհը կրկին առևտրային կենտրոնական երթուղու են վերածվում»:

Նշելով, որ աշխարհի ամենամեծ առևտրի ծավալը Ասիայի ու Եվրոպայի միջև է՝ Չավուշօղլուն կարևորել է առևտրային հոսքերի կառավարումը, մանավանդ որ աշխարհաքաղաքական խնդիրները Չինաստանը Եվրոպային միացնող Հյուսիսային միջանցքին այլընտրանք հանդիսացող Միջին միջանցքի համար նոր հնարավորություններ են ստեղծել։

Հին աշխարհի ամենակարևոր ուղու՝ Մետաքսի ճանապարհի վերակտիվացումը, թուրք նախարարի կարծիքով, ավելի կմիավորի թյուրքական աշխարհը:

Իսկ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ձևավորվել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում, որ բոլորն այս հնարավորությունը գնահատեն:

Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների, սահմանազատման և խաղաղության պայմանագրին ուղղված բանակցություններին: Մենք էլ հարաբերությունների կարգավորման համար ենք քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում»:

Նա շեշտել է, որ Թուրքիան կապահովի անհրաժեշտ աջակցություն «Արևելյան Զանգեզուրի» և Ղարաբաղի տնտեսական գոտու վերակազմավորման և զարգացման համար։

Ըստ նրա՝ նոր կապուղիները, որոնց գործարկումը օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և Եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը:

«Այս ծրագրերի իրականացումը տրանսպորտի, առևտրի և էներգետիկայի պես բազմաթիվ բնագավառներում շռնդալից ազդեցություն է ունենալու»:

Տեսանյութեր

Լրահոս