
Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. Տելեգրամի ալիքներում սկանդալային փաստաթղթեր են շրջանառվում

Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Տելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այդ մասին՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի զինվորականներին:
Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ին կից գործող CIHAZ արդյունաբերական ասոցիացիան ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը: Բեռնափոխադրումն իրականացրել է «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարտում քաղաքից դեպի Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա:
«Այսպիսով, Ադրբեջանը (և որոշ չափով նաև Թուրքիան) ուղղակիորեն մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիառումբերով զինելուն՝ չնայած Ուկրաինայում զինված հակամարտության նկատմամբ պաշտոնական չեզոքությանը: Մնում է երկու հիմնական հարց՝ քանի՞ այդպիսի ռումբ է կիրառվել Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, և Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման կեղտոտ պատմությունը: Հանուն կասկածելի օգուտների՞», – եզրափակում է ռուսական Տելեգրամ ալիքը:
Ուկրաինայում ռազմական գործողության հենց նախօրեին՝ 2022 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր էին ստորագրել: