Լիկվիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինյանից, փաթեթավորումը՝ արևմտյան դեսպաններից

Նիկոլ Փաշինյանը, ամենայնից զատ, իսկ գուցե ամենից առաջ ստի վաճառական է։ Լավ վաճառական։ Նա տարիներ, տասնամյակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպես ճշմարտություն, իրականը՝ որպես կեղծ, կեղծը՝ որպես բնօրինակ հրամցնելու գործում։ Նույնը շարունակում է նաև պետության ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտության տեղ մատուցվող նրա ստերն անսահմանորեն շատ են, բայց դրանց թվում կան հատկապես ու առանձնապես այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակություն և կենսական ազդեցություն են թողնում պետության ու հասարակության վրա։

Ահա այդպիսի մեծագույն ստերից մեկը «Հայաստանի ժողովրդավարական բրենդի» մասին ցնդաբանությունն է, որը Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով ներկայացնում է ոչ միայն ու ոչ այնքան՝ ներքին, որքան՝ արտաքին լսարանին, որի առաջին շարքերում նստած արևմտյան դեսպանները սոովորություն ունեն լսելու ոչ թե ճշմարտություններ, այլ այն, ինչը որպես ճշմարտություն ձեռնտու է իրենց երկրների այդրոպեական շահին։

Եվ ահա «ժողովրդավարության» մասին այդ նաղլը ներքին ու արտաքին շուկայում իրացնելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կառուցում է անձնիշխանական այնպիսի համակարգ, որում կա միայն մեկ տեսակետ, հնչում է միայն մեկ կարծիք, կայացվում է միայն մեկ որոշում, և այդ մեկի հեղինակն ինքն է։ Նիկոլ Փաշինյանը դա անում է առանց ավելորդ ձևականությունների՝ նրբորեն, իսկ ավելի հաճախ՝ գռեհկաբար թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ բովանդակությամբ ավտորիտար իր իշխանության դրսևորումներն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները։ Ահա «ժողովրդավարության բաստիոն» այս երկրում ղեկավարը հրահանգում է նախարարական աշխատասենյակներից մինչև վերջին պահակակետը կախել սեփական լուսանկարները՝ մոռանալով, որ ժամանակին կրծքով պայքարում էր այդ երևույթի դեմ։ Նա ամեն շաբաթ դպրոցի ուսմասվարի հպարտությամբ վայելում է տեսարանը, թե ինչպես են տասնյակ կոստյումավոր տղամարդիկ և ոչ միայն տղամարդիկ հոտնկայս դիմավորում իրեն կառավարության նիստերի մեկնարկին։

Բայց այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը բավարարվում է միայն անձնիշխանության մակերեսային ցուցքերով։ Նա այլևս ազատ է զգում իրեն վիրավորողին երկիր մուտք թույլ չտալու, իրեն քննադատողին կալանավորելու, վերջինիս եղբորն էլ աշխատանքից ազատելու հարցում, որովհետև մինչ այդ հասցրել է վնգստացնել դատավորների զգալի մասին, հնազանդեցնել երբեմնի ընդդիմադիր նույնքան ՏԻՄ ղեկավարների, ու այդպես շարունակ։

Կարդացեք նաև

Այսպիսի, ընդ որում, խորհրդարանական կառավարում ունեցող երկրում այլևս զարմանալի չէ, որ դրա ղեկավարն ալկոհոլի ազդեցության տակ որոշում է մանդատներից զրկել ընդդիմադիրներին, իսկ խումհարից հետո փոշմանում է ու մի ամբողջ Ազգային ժողովի դրդում զբաղվել իր իսկ որոշման չեղարկման ներկայացմամբ…
Սրանք, ինչպես և չհիշատակված բազմաթիվ դեպքեր վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամրապնդում է սեփական անձի իշխանությունը և դա չի անում անգամ սեփական կուսակցության իշխանության ամրապնդման միջոցով, որը խիստ վերապահումներով կարելի կլիներ գոնե քաղաքական մոտեցում համարել։ Նրան հետաքրքրում է միայն ու բացառապես սեփական անձը, որի բարդույթները բավարարում է պետության ու հասարակության հաշվին։

Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է պետական կառավարման համակարգը՝ որպես իշխանության սուբյեկտ, իսկ իշխանության թևերի տարանջատման՝ տարրական ժողովրդավարական սկզբունքը դարձրել է եթերային, ինչպես Վիկտորինի ու Թրեյսիի ժպիտները՝ հայկական ժողովրդավարության մասին հեքիաթի հերթական ունկնդրման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը կերտում է իր անձնիշխանությունը՝ ժողովրդավարական փաթեթավորմամբ։ Նրան չի հուզում, որ այդ ընթացքում ժողովրդավարական փաթեթավորման գծով համաշխարհային գուրուները փաթեթավորում են Հայաստանը՝ հարմար պահի այն լիկվիդացնելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վաճառում է հենց լիկվիդացիոն արժեքով, որն իր համար արտահայտվում է սեփական իշխանությամբ։ Գնորդներն առայժմ շռայլորեն վճարում են։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս