«Փաշինյանը մատաղ արեց Հայաստանի ինքնիշխանությունը». Էդուարդ Շարմազանով

Հուլիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ըստ ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկման առարկա են դարձրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին վերաբերող հարցեր: Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այս հեռախոսազրույցի ընթացքում շոշափված թեմաներին, նշեց՝ Փաշինյանը չի խոսել Հայաստանի 40 քառակուսի կիլոմետրն օկուպացրած ադրբեջանցի զինվորներին մեր երկրի տարածքից դուրս գալու մասին, որովհետև այդ հարցն իր օրակարգում չկա էլ։

«Չի քննարկել այդ հարցը, որովհետև նրան իշխանության չեն բերել, որ պաշտպանի հայկական շահը, կամ որ Արցախը պահի հայկական, ընդհակառակը, նրան բերել են իշխանության, որ հայկական գործոնը ոչնչացվի և Հայաստանը թուրքական ֆուռերի համար դառնա ասֆալտի ճանապարհ»,- ասաց Շարմազանովը։

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ դրա փոխարեն Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ վերահաստատում է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը, իսկ դա նշանակում է փաստացի հետևյալը.

«Ասում է՝ ստորագրածս ղազագիրը պատրաստ եմ իրականություն դարձնել»։

Նրա խոսքով՝ 2020 թվականին Էրդողանի ղեկավարած Թուրքիային մեր տարածաշրջան վերադառնալու և ցեղասպան քաղաքականություն իրականացնելու մեջ մեղադրող, բայց նույն Էրդողանի ղեկավարած Թուրքիայից 2022 թվականին դրական ազդակներ ստանալու մասին Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները վկայում են, որ նպատակը մեկն է՝ ամեն գնով իրականություն դարձնել այն պլանը, որը դրված է նրան իշխանության բերելու և իշխանությունը պահպանելու հարցում, դրա համար էլ ականատես եղանք 2020 թվականին պայմանավորված պատերազմի։

«Եղել է պայմանավորված պատերազմ՝ պայմանավորված միջազգային ուժերի և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այն ժամանակ, երբ ասում էին՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, այդ դեպքում պետք է, չէ՞, հասկանային դրա հետևանքները. չէ՞ որ երկրի ղեկավարը հենց դրա համար է, չէ՞ որ քաղաքական գործիչը պետք է ունենա պատասխանատվություն»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով՝ այդ անպատասխանատվությունն է պատճառը, որ Փաշինյանն իրականություն է դարձրել իր խոստումների ճիշտ հակառակը՝ ասվածի ապացույցը պայմանավորված պատերազմն է՝ պարտության ավարտով, և Հայաստանի ինքնիշխանության վերացումը։

«Փաշինյանը մատաղ արեց Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս