Հրաչիկ Փիլիպոսյանը հակառակորդի գործողությունների՞ց է զոհվել. ՊՆ-ն մինչև օրս լռում է
Հունիսի 19-ին՝ կիրակի օրը, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը նախորդ օրը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ։
Մամուլին անգամ հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից է՝ ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը, որը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։
168.am-ի հետ զրույցում հաստատել էր զոհի մասին լուրը՝ խոստանալով.
«Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»:
Սակայն այդպես էլ Պաշտպանության նախարարությունից ոչ մի պաշտոնական տեղեկություն չեղավ: Այսինքն, խոստացված մանրամասները չներկայացվեցին, թե ժամկետային զինծառայողն ի՞նչ հանգամանքներում է մահացել՝ թշնամու կրակոցի՞ց, թե՞ բանակում առկա կարգապահական խնդիրների պատճառով:
Դեպքից մոտ 5 օր անց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասել էր, որ իրենց լռությունը պայմանավորված է ՊՆ լռությամբ: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածում, որից հետո Քննչական կոմիտեն անդրադառնում է դրան:
Իսկ այսօր նախագահականի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի հունիսի 30-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
168.am-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հանգամանքները պարզվել են, և ժամկետային զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից։ Ի պատասխան՝ մեզ ասացին, որ հանգամանքներով քննչականն է զբաղվում:
Դիմեցինք Քննչական կոմիտե, ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը նախ կրկնեց ավելի վաղ ասվածը, այնուհետ անդրադառնալով զինվորի մահվան հանգամանքներին, ասաց.
«Տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ Քննչական կոմիտեն արդեն իսկ տեղեկացրել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանի մահվան դեպքի առթիվ նույն օրը՝ 2022-ի հունիսի 19-ին, ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենագրքի 104 հոդվածի Սպանություն) 2-րդ մասի 2-րդ (կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 7-րդ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 13-րդ ( ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերի հատկանիշներով և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են հնարավոր բոլոր դատավարական գործողությունները դեպքի հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու համար»:
Ի դեպ, ՔԿ-ն մեզանից իմացավ, որ զինվորը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Իսկ զինծառայողին պարգևատրման է ներկայացնում ՊՆ-ն, այսինքն՝ անկախ ամեն ինչից, գործ ունենք պաշտպանական գերատեսչության թերացման հետ, եթե հաշվի առնենք նաև փաստը, որ ՔԿ-ն դեպքին պաշտոնական և հրապարակային չի արձագանքել, որովհետև ՊՆ-ում շատ զբաղված են եղել և պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել մինչ օրս: