«Իմ եղբորորդու արյունն այս մարդկանց վզին է, և այդ արյան հետևից մենք գնալու ենք». Սերժ Սրապիոնյան
Գրականագետ Սերժ Սրապիոնյանը կարծում է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը քաղբանտարկյալ էր, նրա մահը՝ քաղաքական սպանություն:
«Կգա ժամանակ, երբ Արմեն Գրիգորյանի մահվան առեղծվածով կզբաղվեն արդեն կոմպետենտ մարդիկ, և կբացահայտվեն այնպիսի սահմռկեցուցիչ փաստեր, որոնք լույս կսփռեն նաև այլ մութ գործողությունների վրա: Ինքներդ դատեք, թե ովքեր են մեռնում սրանց տխուր իշխանությունների օրոք. Բոլոր նրանք, ովքեր ունեցել են դիրք, ունեցել են հեղինակություն և գաղափարապես դեմ են եղել երկիրը վաճառելուն, ստորությանը, քծնությանը, անբարոյականությանը, սուտ խոսելուն և այլն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով սոցցանցերում մահացած մարդկանց վերաբերյալ տարբեր վիրավորական արտահայտություններին՝ նա նշեց, որ այդպես խրախճանում են միայն բորենիները, երբ զոհի լեշի մոտ են հավաքվում:
«Այդպես բորենիաբար նրանք չեն կարող երկար շարունակել իրենց կյանքը: Ի՞նչ է լինելու, երբ ժամանակները փոխվեն, ի՞նչ է լինելու, երբ դերակատարները փոխվեն, ինչպե՞ս են արդարանալու. Նրանք չքմեղանալու են, ասելու են, որ իրենց մոլորեցրել են, բայց սա արդեն արդարացում չէ, սա քրիստոնեաբար, մարդկայնաբար չէ, սա անասնաբար է: Արմեն Գրիգորյանի մահվամբ պակասեց ևս մի խիզախ մարդ, որի հետ անձամբ եմ զրուցել և իմ անհամաձայնությունը հայտնել նրա բառապաշարի հետ, գուցե եթերային բառապաշար հաճախ չէր գործածում, բայց մատը դնում էր ճիշտ վերքի վրա և ուղղախոս էր, վախկոտ չէր: Այսպիսի գործիչներ մեր մեռնող, փտող հասարակությանը անհրաժեշտ էին լինելու, որովհետև սերունդները պետք է համարձակության դասեր առնեին նաև համարձակ մարդկանցից»,- ընդգծեց նա:
Գրականագետի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի մահն էլ չի կարող արթնացնել հասարակությանը, որն ըստ նրա՝ մեռած է. «Ավելի հեշտ է արթնացնել քնածներին, քան մեռածներին. Քնածները կարող են ազդակներ զգալ դրսից, մեռածները չեն զգում: Սրանք այն մեռելներն են, որոնց համար մեռել են մեր ոսկի տղերքը, մեր ոսկի երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որը հայհոյում էր դիրք հանձնողի մորը: Այդ երիտասարդների մահն այս մեռելների համար էր նաև, և այդ մեռելները երբեք չեն արթնանալու: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Արմեն Գրիգորյանի՝ ինձ համար շատ գնահատելի մարդու մահը կարող է մեռելներ արթնացնել, խորապես սխալվում են: Արմեն Գրիգորյանի մահը ցավի ազդակ է նրան ճանաչողների հոգում և նաև, իհարկե, որոշ իմաստով ատամները սեղմելու և Արմեն Գրիգորյանի կիսատ մնացած գործը շարունակելու մղում, բայց արթնացում՝ խիստ կասկածում եմ»:
Սերժ Սրապիոնյանն անդրադարձավ նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե «պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ, այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի»՝ ընդգծելով, որ դա Ալիևին զեկուցելու համար էր. «Երբ Ալիևը մեղադրում էր ռուսներին, թե՝ հայկական զորամիավորումները դեռևս դուրս չեն եկել Արցախից ամբողջությամբ, սա զեկուցում է Ալիևին, թե՝ գիտե՞ս, վաղուց հանել ենք ու էլ չենք էլ ուղարկելու: Այսպես զեկուցում են միայն իրենց, թող ներվի ոչ եթերային բառի համար, իրենց պապաներին, ինչն ապացուցում է, որ այս մարդիկ թշնամական երկրի դրածոներ են, քաղցկեղային խոց մեր երկրի հիվանդացող մարմնի վրա»:
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ ձեռքերը լվացել են Արցախից. «Մարդը հենց զավթեց վարչապետի աթոռը, հայտարարեց, որ Արցախի հետ գործ չունի, որովհետև արցախցին իրեն չի ընտրել: Հետո, որ տեսավ՝ պատերազմ չի հրահրվում, հայտնի հրահրիչ նախադասությունն ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ՝ գլխի գցելով իր եղբորը, որ՝ կարող ես արդեն հարձակվել, ամեն ինչ նախապատրաստված է: Իմ եղբորորդու արյունն այս մարդկանց վզին է, և այդ արյան հետևից մենք գնալու ենք: Նա անմեղ զոհ էր, նա այս մարդկանց տենդենցիոզ, միտումնավոր քաղաքականության զոհն է, այդպես և 5000 այն զինվորները, որոնք մնացին մարտի դաշտում՝ շատերը չհասցնելով անգամ կռվել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում