«Վստահ չեմ, թե ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ որոշումների վրա ազդենք». ադրբեջանագետ

«Ադրբեջանը հիմա վերապրում է այն իրողությունը, որը կար մեզ մոտ Արցախյան առաջին պատերազմից հետո: Պատերազմում հաղթել են, բայց էյֆորիան արդեն սառում է, և ի հայտ են գալիս բոլոր սոցիալական ու տնտեսական խնդիրները: Երկրի ներսում գրանցվում է պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների կտրուկ աճ, կամաց-կամաց սկսում է զարգանալ սոցիալական բողոքը: Ալիևը, իհարկե, փորձում է ֆինանսական միջոցներով հարցը լուծել, պետական բյուջեն աննախադեպ սոցիալական ծախսեր է նախատեսել, բայց կան սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում՝ փախստականների խնդիրը»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով, Ադրբեջանը հիմնական իր ծախսերն անում է ռազմական ենթակառուցվածքներն ամրացնելու կամ զրոյից ճանապարհներ, օդանավակայաններ կառուցելու նպատակով: Ֆինանսական միջոցների սղության պատճառով բավականին դանդաղ է ընթանում բնակչության վերաբնակեցման գործընթացը, քանի որ ներդրումների ակնկալիք ուներ այդ տարածքներում և բուռն բանակցություններ էր վարում, սակայն մեծ ֆինանսական հոսքեր չեն նկատվում, քանի որ ներդրողներն ուզում են ունենալ երաշխիքներ, իսկ դրանք պայմանավորված են խաղաղության պայմանագրով: Դա է պատճառը, որ Ադրբեջանը շտապում է հնարավորինս արագ կնքել Խաղաղության պայմանագիրը: Հաջորդ պատճառն Ադրբեջանի ներսում կոռուպցիայի բարձր մակարդակն է, տենդերների ոչ թափանցիկ լինելը, հետևաբար՝ ներդրումների մասով Ալիևի սպասումները չեն իրականանում, ֆինանսական ամբողջ բեռը մնացել է պետության ուսերին:

«Արտաքին քաղաքական հարաբերությունների կիզակետում է նավթագազային համագործակցությունը Եվրոպայի հետ: Ադրբեջանական գազը չի կարող փոխարինել ռուսական գազին և ծավալային առումով մրցել Եվրոպայում, դա պայմանավորված է Ադրբեջանում նավթագազային պաշարների սահմանափակ քանակով և ենթակառուցվածքի բացակայությամբ: Հիմա Ադրբեջանը փորձում է իր նավթագազային սեկտորում ունենալ եվրոպական ներդրումներ, որպեսզի 5-6 տարի անց կարողանան ապահովել ինչ-որ ծավալներ: Մյուս կողմից փորձում է պայմանավորվել Կասպից ծովի պետությունների հետ, որպեսզի իր նավթագազային երակներով տարանցի այդ պետությունների ռեսուրսները»,- մեկնաբանեց ադրբեջանագետը:

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացների ու բանակցությունների մասին, Անժելա Էլիբեգովան նշեց. «Վստահ չեմ, որ ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ ազդեցություն ունենանք որոշումների վրա: Տարածաշրջանի ավելի մեծ խաղացողներն առանձնապես մեր կարծիքը հաշվի չեն առնում, թեև մյուս կողմից՝ չգիտեմ անգամ, թե որն է մեր պաշտոնական դիրքորոշումը կոմունիկացիաների բացման ռիսկերի վերաբերյալ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս