«Ադրբեջանը դեռ տաք է՝ արցախցին ամուր կպած է իր հողին, և Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Սեյրան Հայրապետյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ սեպտեմբերից Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի Արցախում, Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը անդրադառնալով Հայաստանից Արցախ զինակոչիկներ չուղարկելու հարցին, նշեց, որ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ տարբեր հայտարարություններ են անում ՀՀ ԶՈՒ կառուցվածքի փոփոխության վերաբերյալ։

«Այս պահին ինքս կնախընտրեի ձեռնպահ մնալ որևէ մեկնաբանություն տալուց»,- ասաց Սեյրան Հայրապետյանը և հավելեց, որ գործընթացներ կան, որոնք ցանկալի չէ հանրայնացնել, քանի որ թշնամին դրանց ուշիուշով հետևում է, և այս իրավիճակում ստեղծված փխրուն անվտանգային համակարգը կարող է դնել հարվածի տակ։

«Պետք է մի քիչ զգույշ լինեն մեկնաբանություններում և ավելի շատ աշխատեն, ավելի քիչ խոսեն։ Ինքս այս պահին շրջաններում եմ, անձամբ չեմ կարդացել Անվտանգության խորհրդի քարտուղարի այդ հարցազրույցը, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն լինի՝ հավելյալ կմեկնաբանեմ»,- նշեց Սեյրան Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների հայտարարություններին, թե «Արցախի հարցը լուծված է և նման հարց այլևս գոյություն չունի», Սեյրան Հայրապետյանը նկատեց.

«Ադրբեջանը դեռ տաք է, և որպես արցախցի՝ կասեմ՝ արցախցին ամուր կպած է իր հողին, և Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Իսկ որպես պաշտոն զբաղեցնող անձ՝ կասեմ՝ եթե ըստ Ադրբեջանի ղեկավարության՝ Արցախի հարցը լուծված է, ապա ինչպե՞ս է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները կանգնում են ադրբեջանաղարաբաղյան շփման գծին։ Ընդ որում, նաև Արցախի Հանրապետության ամրագրված տարածքները, չնայած Ադրբեջանի կողմից բռնազավթված են, զորքերը կանգնում են այդ հատվածում»։

Նա նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ ներկայացվել է ճանապարհային քարտեզ Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների՝ իշխանական և ընդդիմադիր, ինչպես նաև Կառավարության կողմից՝ ստեղծված իրավիճակից ճիշտ դուրս գալու ու հայանպաստ որոշումներ կայացնելու համար։

«Մենք մեր քննարկումների և կայացրած որոշումների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- եզրափակեց Սեյրան Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս