«Շոգը նվազեցրել է ջրի ծավալը, բայց ի՞նչ կարող ենք անել՝ ավելացնել չենք կարող». Նորաբակի գյուղապետ
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն, բազմաթիվ գյուղեր կանգնեցին ոչ միայն անվտանգային, այլև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների առջև։ Բացի նրանից, որ բազմաթիվ գյուղեր կորցրեցին իրենց դաշտերի ու խոտհարքերի մեծ մասը, այդ գյուղերին ջրերով ապահովող գետերի մի մասի հուներն էլ մնացին թշնամու վերահսկողության տակ։
Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասարում 8 համայնքներից 6-ում ջրի խնդիր կա:
Ջրի խնդիր ունեցող Նորաբակ գյուղը խմելու ջրի խնդիրը լուծում է մասամբ գյուղ հասնող ջրագծից օգտվելով, մասամբ էլ՝ մոտակա գյուղերից դույլերով բերելով։
168.am-ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ։
«Խմելու ջրի ջրագիծը նույն ձևով աշխատում է, ինչ ունենք, փորձում ենք դրանով բավարարվել, որովհետև այլ տարբերակ չունենք։ Շոգ եղանակին էլ փորձում ենք այնպես անել, որ ջուրը բավականացնի։ Իհարկե, շոգը նվազեցրել է ջրի ծավալը, բայց ի՞նչ կարող ենք անել, ավելացնել չենք կարող, ստիպված պետք է համակերպվենք»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Գյուղը սնուցող ջրագծի կառուցումը, որը սկսվել էր պատերազմից առաջ, մոտավորապես 2 կմ-ով մնացել է թշնամու հսկողության տակ, այդ պատճառով էլ շինարարական աշխատանքները չեն կարողանում սկսել։
Ինչ վերաբերում է գյուղի ընդհանուր իրավիճակին, Վազգեն Ասատրյանն ասաց, որ վերջին շրջանում թշնամին սադրանքների չի դիմում՝ կրակոցներ գյուղերի ուղղությամբ չի արձակում։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում կրակոցների պասիվության ֆոնին, ադրբեջանական կողմը ակտիվացել է Վայոց Ձորի մարզի ուղղությամբ՝ վերջին օրերին նա կրակել էր Խաչիկ և Ելփին գյուղերի ուղղությամբ։
Հիշեցնենք նաև՝ 2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությունից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 12-ից, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Նրանք տեղակայվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայվել են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և պարբերաբար սադրանքների են դիմում, անգամ կրակում են գյուղերի ուղղությամբ։