ՄԱԿ-ի գրասենյակը պետք է իր կարծիքն արտահայտի ՀՀ-ում քաղաքական հետապնդումների վերաբերյալ. Գեղամ Մանուկյան
Այսօր առավոտյան ընդդիմությունը՝ բազմաթիվ շարքային քաղաքացիների, մտավորականության ներկայացուցիչների հետ, բողոքի ակցիա էր իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին պահել էին անազատության մեջ գտնվող քաղաքացիների՝ Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մանթաշյանի, ՀՅԴ երիտասարդների և այլոց նկարները և իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն քաղբանտարկյալների, որոնց իշխանությունն ապօրինաբար պահում է անազատության մեջ։
ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այս ընթացքում շուրջ 5 տասնյակ մարդ է գտնվում անազատության մեջ։ Քաղաքական բանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք իրենց համայնքներում արժանապատվորեն հաղթանակ են տարել այս իշխանության նկատմամբ։
Նաև՝ քաղաքական բանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք չեն լռել, և Դիմադրության շարժման շրջանակներում ազատազրկվել են։
ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրենց ասելիքը ներկայացնելուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենքի մոտ։
«ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեր պահանջն էր, որպեսզի միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունը վերջապես իր դիրքորոշումն արտահայտի Հայաստանում քաղաքական հետապնդումների վերաբերյալ, որ այս կառավարությունը, իշխանավորները չհպարտանան, թե իրենց վրա միջազգային որևէ ճնշում չկա։ Այստեղ մարդիկ եկել են, որովհետև անցնող 4 տարիների ընթացքում այդ մարդու կառավարման տարիները Հայաստանին բերել են արյուն, արցունք և հազարավոր մարդկանց կորուստ»,-Կառավարության մոտ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում