
Խաղաղության պայմանագրի շուրջ մութ «սիլիբիլիներ»

Ամառային ամիսները հարուստ են լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ մութ և առանց միջնորդների հանդիպումներով:
Հաջորդ ամիս նախատեսված է սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ հանդիպումը: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, Ալիևը, նշելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ քննարկումները, նաև ընդգծել է առաջիկա օրերին ԵՄ-ի հետ ստորագրվող կարևոր փաստաթղթի մասին, որն առնչվում է էներգետիկ անվտանգությանը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ վաղը՝ հուլիսի 16-ին, Թբիլիսում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ի դեպ, երկու երկրների ատաքին գերատեսչությունների ղեկավարների միջև առանց միջնորդների նման հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենալու:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի աջակցությամբ տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքագետ-փորձագետերի միջև հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տրանսպորտային ճանապարհներին և հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Ըստ ադրբեջանական լրատվական միջոցների՝ հանդիպումը կոորդինացրել են հայկական կողմից՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնը, իսկ ադրբեջանական կողմից՝ միջազգային հարաբերությունների կենտրոնը: