«Այլևս որևէ մեկը չի կարող ասել, թե ժողովուրդը փողոց դուրս չէր գալիս»․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելով՝ իշխանությունները երկրում քաղաքական ճգնաժամ են առաջացնելու։

«Քաղաքական ճգնաժամ է, թե ոչ, դրա գնահատականը տալիս է Նիկոլը, այսինքն՝ կասի՝ որևէ քաղաքական ճգնաժամ չկա, այս մարդիկ լավ չէին աշխատում, դրա համար հանեցինք գործից։ Խորհրդարանականներից էլ հանեց խորհրդարանից՝ ի՞նչ է փոխվելու։ Բայց մի կարևոր բան կլինի՝ այս խորհրդարանի միջազգային լեգիտիմությունը բավականին ցածր կլինի, և դրանից հետո խորհրդարանի հաստատած որևէ որոշում՝ սկսած խաղաղության պայմանագրից, Ադրբեջանի հետ տարբեր սահմանային հարցերից, բավականին թույլ կլինի իր իրավական կողմով և հետագայում շատ հանգիստ կարող է վիճարկվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Քաղաքագետի համար ակնհայտ է, որ խաղաղություն չի լինելու․ «Հայաստանը հիմա հանձնվում է իր արտաքին քաղաքականությամբ, հանձնվում է իր գյուղերով, հանձնվում է իր բանակով, և այս ամենից հետո խաղաղության մասին խոսելը հիմարություն է։ Խաղաղության թեզը Փաշինյանի նախընտրական հիմնական հաղթաթուղթն էր, և այն փուչ դուրս եկավ, այսինքն՝ նա խաբել է, թե ինչի համար է ուզում իշխանությունը պահել։ Իսկ պատերազմը պետք չէ բացառել»։

Նա նկատեց՝ Փաշինյանը քանիցս խոստովանել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը ռուսներն են․ «Բոլոր հարցերում նա ասում է՝ ռուսներից պահանջեք։ Փաստորեն, Հայաստանը չունի բանակ, սահմանապահներ, ղեկավարություն, և այս ամենի համար միայն ռուսներն են, որ ադրբեջանցիներին պետք է թույլ չտան․ սա աբսուրդ է»։

Ընդդիմության գործողությունների վերաբերյալ նա նշեց, որ թեպետ ընդդիմությունը իր հիմնական նպատակներին չհասավ, բայց մի քանի դաս քաղեց․ «Ընդդիմությունը կարողացավ փողոց հանել շուրջ 20-30 հազար բողոքավոր զանգված, սա նշանակում է, որ սրանից հետո այլևս որևէ մեկը չի կարող ասել, թե ժողովուրդը փողոց դուրս չէր գալիս։ Այս 20-30 հազարը լրիվ բավարար էր իշխանություն փոխելու համար։ Փողոցային բաղադրիչն ամբողջովին ապահովված էր։ Երկրորդ հաջողությունը՝ մի շարք նոր քաղաքական լիդերների ի հայտ գալը։ Երրորդ՝ որոշակի հաջողությունների հասավ այս ընդդիմադիր շարժումը, առաջին հերթին, այն էր, որ սրված վիճակ էր, անընդհատ խոսում էին խաղաղության մասին, անընդհատ եվրոպաներ էին գնում, և փաստորեն ընդդիմության ցույցերի պատճառով է, որ այդ պայմանագրի ստորագրումն ընկավ հեռավոր դարակներ»։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի այցին Սյունիք, նա նշեց, որ փորձ է արվում պատասխանատվությունը կիսել, ցույց տալ, որ կատարվողը ընդունելի է նաև կանանց կողմից․ «Նիկոլը չունի համար 2-ը իր թիմում, ում նա կարող է դելեգալացնել այս կամ հարցերի համար, և որպես համար 2՝ հանդես է գալիս իր ընտանիքի անդամը»։

Աղասի Ենոքյանը ներկայացրեց, թե որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը․ «Նիկոլ Փաշինյանը օբյեկտ է, իրեն աշխարհաքաղաքական տարբեր ուժեր փորձում են աշխատեցնել, և սա իր հաջողության գաղտնիքն է, որովհետև նա ոչ մեկին չի ասել ոչ՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Եվրոպային, և այս առումով բոլորն իրեն ընդունում են։ Նիկոլը չունի կարմիր գծեր, և այդ առումով ինքը հարմար է բոլորին»։

Տեսանյութեր

Լրահոս