Առաջին տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց, սովորաբար, նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Երկրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա. Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ՝ կխեղդվի…
Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը երրորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը՝ բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից՝ կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք… Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրն իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:
Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» չորրորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն հինգերորդ տեղում է։ «Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը, կարծես, կորստի խորհրդանիշ է։
Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին: Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։ «Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո՝ վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ:
Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը վեցերորդն է։ Բակունցի արձակը հայերենի ծես է, որտեղ կողք կողքի ներկայանում են մեր լեզվի բոլոր պերճությունները։ Գրողը վարպետորեն ստեղծել է անհատական ոճ, դրականորեն տարբերվող կառույցներ՝ դուրս շարահյուսական ընդունված համակարգերից։ Նրա գրականությանը բնորոշ են քնարականությունը և բանաստեղծականությունը։
Պատմվածքների հերոսները գյուղաշխարհի մարդիկ են, որոնք ունեն իրենց իրականությունն ու օրենքները՝ մեծ աշխարհի վարքուբարքից անջատ։ Ահա այդ մարդկանց նկարիչն է Բակունցը, որի ներկապնակն իսկապես հարուստ է, աչքը՝ նկատող, լեզուն՝ մշակութային, հույզը՝ զգացած։
Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։
Ութերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:
Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» իններորդ տեղում է։ Վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ։
Տասներորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։